Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքները. թուրքագետ

Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքները. թուրքագետ

Սիրիայում վերահսկողության տակ վերցված տարածքներում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը վկայում են, որ Թուրքիան չի պատրաստվում արագ ետ քաշվել այդ տարածքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մարտի 20-ին հրավիրված ասուլիսում:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինում տարածքներ գրավելուց հետո միաժամանակ իրականացնում է երկու կարևոր քայլ` վերաբնակեցման և կրթական տեսանկյունից:

«Չնայած Թուրքիան փորձում է ներկայացնել, թե տեղի ժողովուրդը ուրախ է և ողջունում է թուրքական բանակին, իրականում բնակիչները փախչում են: Թուրքիան տարբեր վայրերից այդ տարածքներ է տեղափոխում թյուրքական ծագմամբ ժողովուրդների, իր համար ավելի վստահելի տարբեր էթնիկ խմբերի: Թուրքիան փորձում է այդ տարածքների կենսագործունեության համար որոշակի հիմքեր ստեղծել: Մասնավորապես, բաժանվում են անձնագրի նման փաստաթղթեր, որոնք ձևակերպված են հենց «Ձիթենու ճյուղ գործողության շրջանի փաստաթուղթ» և անձը հաստատող փաստաթղթի դեր են կատարում: Քայլեր են կատարվում նաև կրթական ոլորտում: Այս տարածքների դպրոցներում սկսում են գործել թուրքական դպրոցների կրթական ծրագրերը: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան ունի մտադրություն երկար ժամանակ այդ տարածքներում մնալու»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք Թուրքիայի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ, անշուշտ, կա պայմանավորվածություն, կամ լուռ համաձայնություն:

«Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշմանը, կարծում եմ, որ, իհարկե, միամիտ կլինի ենթադրել, որ ոչ մի պայմանավորվածություն չկա: Անշուշտ կա պայմանավորվածություն կամ լուռ համաձայնություն, որ Թուրքիան իրականացնի այս գործողությունները: Կարծում եմ, որ կա որոշակի տարածքային բաժանում, թե որ տարածքները որ պետության համար կարևորություն ունեն: Գիտենք, որ ռուսական ուժերը վերահսկում են իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական տարածքներ, որտեղ գտնվում են նաև իրենց բազաները: Եվ այս ամենը չի կարող լինել առանց ռուսական կողմի հետ որևէ պայմանավորվածության: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և քրդերին, Թուրքիան ԱՄՆ-ին ցույց տվեց, որ այս հարցում վարում է ինքնուրույն քաղաքականություն և որ քրդական խնդիրը կարևոր է նաև Թուրքիայի ներքին քաղաքականության տեսանկյունից: Սիրիայում լռեցնելով քրդերին՝ Էրդողանը լռեցնում է նաև Թուրքիայում քրդերի հնարավոր ընդվզումը: Եթե նայում ենք իրադարձություններին, այսօր Թուրքիայում, ըստ էության, քրդական որևէ լուրջ ընդվզում և բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում: Նույնիսկ քուրդ պատգամավորների ելույթները համեմատաբար մեղմ են, քուրդ պատգամավորներից և գործիչներից շատերն էլ գտնվում են բանտերում»,– նշեց Մելքոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե աշխարհը ինչո՞ւ է լռում՝ տեսնելով քրդերի նկատմամբ իրականացվող հալածանքները, Մելքոնյանը պատասխանեց, որ այս ամենը տեղի է ունենում աշխարհի, այսինքն՝ գերտերությունների և ուժային կենտրոնների լուռ համաձայնության ներքո:

«Անշուշտ, սրանք չեն կարող լինել մարդասիրական խնդիրներ: Այս ամենն ունի քաղաքական շատ խորը պայմանավորվածությունների բնույթ: Գերտերությունները Մերձավոր Արևելքում ունեն իրեն համապատասխան շահերը, և այդ շահերը միշտ ավելի գերակա են, քան տարբեր ժողովուրդների ինքնորոշումը, մարդասիրական ինչ-որ տենդենցներ և այլն: Կարծում եմ, որ այս անգամ նույնպես, ինչպես գերտերությունների, այնպես էլ եվրոպական շատ երկրների համար գերակա են իրենց շահերը, որոնց համար էլ նրանք պահպանում են լռություն»,- նշեց Մելքոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում