Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը հայտարարություն է ընդունել

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը հայտարարություն է ընդունել

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի Երեւանում մարտի 20-ին մեկնարկած նիստն ընդունել է 2017 թվականի հուլիսի 9-ի Լյուքսեմբուրգի հանդիպման զեկույցի եւ որոշումների վերաբերյալ հայտարարություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսաներեք երկիր ներկայացնող 41 պատվիրակներ:

ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին, ապա ներկայացրել բանախոսներին:

Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:

Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի առաջարկով օրակարգի ընդունումից հետո կլոր սեղան-քննարկման ընթացքում պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների քաղաքական նորությունները:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը գործընկերներին ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումները Հայաստանում: ՀՀ ԱԺ պատագամավորն անդրադարձել է կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ նշելով, որ այս տարվա մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընտրել է երկրի նախագահ: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ նոր լիազորություններով օժտված խորհրդարանն ընտրելու է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, իսկ լիակատար խորհրդարանական կառավարման Հայաստանը կանցնի այս տարվա ապրիլի 9-ից:

Ֆրանկոֆոն երկրների պատվիրակներն ընդունել են 2017 թվականի հուլիսի 9-ի Լյուքսեմբուրգի հանդիպման զեկույցի եւ որոշումների վերաբերյալ հայտարարությունը, այնուհետեւ քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը՝ Ֆրանկոֆոն երկրներում քաղաքական իրավիճակների, G5 Sahel միության միացյալ ուժերի եւ Sahel դաշինքի, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի մարտի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում