Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը Հայաստանում շատ երկրների համեմատ ցածր է. առողջապահության նախարարություն

Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը Հայաստանում շատ երկրների համեմատ ցածր է. առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է լրատվամիջոցների՝ Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներին և այլ երկրների հետ դրանց համեմատականներին։

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Առանձին լրատվամիջոցներում կրկին շրջանառվում են ոչ հավաստի տվյալներ այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։

Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։

Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway» (https://gateway.euro.who.int/en/indicators/hfamdb_634-sdr-malignant-neoplasms-per-100-000/visualizations/#id=30910&tab=table) պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։

«European Health Information Gateway» տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ և ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ: Եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների միջև համեմատական վերլուծություն հնարավոր է իրականացնել 2014թ. հասանելի տվյալների հիման վրա:

Համաձայն դրանց՝ Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 և 230, Խորվաթիայում` 89.3 և 208.4, Սերբիայում` 102 և 198.5, Լատվիայում` 89.4 և 194.5, Լեհաստանում` 87.7 և 192, Ռումինիայում` 91 և 176, Մոլդովայում` 90.4 և 165.2:

Հետևաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում