Խոշոր հարկ վճարողներն անհրաժեշտության դեպքում կհրապարակեն հաշվետվությունները. ԱԺ-ն ընդունեց «Ելք»-ի նախագիծը

Խոշոր հարկ վճարողներն անհրաժեշտության դեպքում կհրապարակեն հաշվետվությունները. ԱԺ-ն ընդունեց «Ելք»-ի նախագիծը

Խոշոր հարկ վճարողներն անհրաժեշտության դեպքում ստիպված կլինեն հրապարակել իրենց հաշվետվությունները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին օրենք»-ում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս պարտադրել խոշոր հարկ վճարողներին հրապարակել իրենց հաշվետվությունները: Նախագծին կողմ քվեարկեց 96, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Օրենքի նախագծի հեղինակը «Ելք» խմբակցությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ գործող օրենքում բաց գոյություն ունի, որը հնարավորություն է տալիս որոշ խոշոր հարկ վճարողներին խուսափել իրենց հաշվետվությունները հրապարակելուց, և դա տեղի է ունենում օրենքի սահմաններում: Հենց այս խնդիրը լուծելու համար է առաջ քաշվել նախագիծը:

Նախագծով «Ելք» խմբակցության պատգամավորն առաջարկում է անել այնպես, որ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ, ով ցանկություն կունենա ստանալ այդ հաշվետվությունները, կարողանա դա անել: Այսինքն՝ պարտավորություն է դրվում տնտեսավարողների վրա անհրաժեշտության դեպքում տրամադրել իրենց հաշվետվությունները:

Այն տնտեսավարողները, ովքեր կհրաժարվեն կատարել պահանջը, կտուգանվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում