Սուրեն Կարայանն ընդունել է Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Սուրեն Կարայանն ընդունել է Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ու Յուն Գընին։ Նախարար Կարայանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմներն ընդգծել են, որ չնայած Հայաստանի և Կորեայի միջև արձանագրված առևտրաշրջանառության աճին՝ դեռևս առևտրատնտեսական համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։

Նախարար Կարայանը և դեսպան Ու Յուն Գընը քննարկել են նաև Կորեայի և Եվրասիական տնտեսական միության միջև հնարավոր համագործակցության շրջանակները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Կորեայի Հանրապետության դեսպանն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքներին։ Սուրեն Կարայանը ներկայացրել է, թե կորեացի ներդրողներն ինչ առավելություններ կստանան Հայաստանում ներդրումներ կատարելով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Կողմերն ընդծգել են, որ Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին որոշումը կարող է խթանել երկու երկրների փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում և ավելացնել զբոսաշրջային այցելությունների թիվը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում