Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ բոլորի նախագահն է. Գևորգ Կոստանյանը մեկնաբանել է ՀՀ Նախագահի հարցազրույցը

Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ բոլորի նախագահն է. Գևորգ Կոստանյանը մեկնաբանել է ՀՀ Նախագահի հարցազրույցը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը չափազանց կարևոր է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները փոխանցելու է երիտասարդ առաջնորդներին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ սրանով ՀՀ Նախագահը ցույց տվեց, որ բոլորի նախագահն է: «Նախագահը ցույց տվեց, որ բոլոր երիտասարդների ներուժը ի բարօրություն երկրի օգտագործելու հարցում նրանց քաղաքական կողմնորոշման տարբերություն չի դնում: Սա չափազանց կարևոր է»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Նա մանրամասնեց, որ նույն ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն, Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի և մյուսների ներուժն օգտագործվելու է մեր երկրի բարօրության և զարգացման համար:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց Սերժ Սարգսյանը իր վրա վերցնում երիտասարդ առաջնորդներ պատրաստելու գործը, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Երկրի նախագահը, երկրի առաջնորդը չափազանց կարևոր գործառույթ ունի՝ բացի երկիրը կառավարելուց ապահովել երիտասարդ սերնդի դաստիարակությունը և երկրի արդյունավետ ղեկավարման շարունակականությունը: Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ: Էլ ո՞վ պետք է ասեր, որ իր առջև խնդիր չի դնում միայն Հանրապետական կուսակցության լիդերներին գործածել երկրի կառավարման մեջ: Նախագահը փաստեց, որ բոլորի նախագահն է և յուրաքանչյուրի ներուժը երկրի բարօրության համար օգտագործելու է: Իհարկե, հենց Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր, որովհետև չէր կարող մեկ ուրիշը դա հայտարարել և անել, իսկ նա կարող է»:

Անդրադառնալով հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը երբեք այնքան կայուն չի եղել, որքան հիմա, արդյոք նկատի ունի՞, որ այլևս ընդդիմություն չկա՝ Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ ՀՀ Նախագահը չէր կարող նման բան նկատի ունենալ: Նրա խոսքով՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երկրի առաջընթացը և զարգացումը պայմանավորված է բացառապես ընդդիմության առկայությամբ: «Ընդդիմության առկայությունը յուրաքանչյուր պետության և իշխանության համար ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ կայուն է իրավիճակը, չկան մեծ տատանումներ քաղաքական դաշտում, ինչն ամենակարևոր երաշխիքն է պետության զարգացման և առաջընթացի համար: Որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չկա կայունության երաշխիք: Դա չէր կարող վերաբերվել նրան, որ կայուն է, որովհետև չկա ընդդիմություն, որովհետև առանց ընդդիմության պետությունը ժողովրդավարական և առաջընթաց ունեցող պետություն երբեք չես կարող անվանել»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում