Հոգեբուժական հաստատություններում սահմանված են օրենքով չնախատեսված վճարովի ծառայություններ

Հոգեբուժական հաստատություններում սահմանված են օրենքով չնախատեսված վճարովի ծառայություններ

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հոգեբուժական կազմակերպություններ, որոնցում սահմանված է հոգեբուժական վճարովի ծառայությունների ցանկ՝ չնայած գործող օրենսդրական պահանջներին:

Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հոգեբուժության մասին ՀՀ օրենքը նախատեսում է, որ հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին, պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակում: Օրենքը պարտավորեցնում է պետությանը երաշխավորել հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական ախտորոշման, բուժման և այլ հարցերի հետ կապված անվճար ծառայությունների մատուցումը: Նույն օրենքին համապատասխան Կառավարության մի շարք որոշումներով և հետագայում նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով երաշխավորվել են անվճար հոգեբուժական օգնության հետ կապված հարցերը: Չնայած գործող օրենսդրական պահանջներին՝ արձանագրվել ենք դեպքեր, երբ հոգեբուժական կազմակերպություններում սահմանված են վճարովի ծառայությունների ցանկ ու դրանց սակագներ»,-ասաց Թաթոյանը:

Վճարովի ծառայությունների ցանկ է սահմանված «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում և «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր»-ում:

Ընդ որում, Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպություններում այդ սակագները սահմանված են կազմակերպության ներքին իրավական ակտերով, իսկ մարզպետարանների ենթակայության ներքո գտնվողները՝ մարզպետների անհատական իրավական ակտերով: Բացառություն է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը, որտեղ սակագները սահմանված են գործադիր տնօրենի կողմից:

«ՀՀ առողջապահության նախարարությունը՝ որպես առողջապահության բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, մեզ տված պաշտոնական պատասխանում նշում է, որ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վճարովի հիմունքներով օգնության և սպասարկման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում: Իսկ հոգեբուժական կազմակերպությունները վկայակոչում են ԱՆ աշխատակազմի սահմանած կողմնորոշիչ գները»,-նշեց ՄԻՊ-ն ու հավելեց՝ չնայած այդ գնացուցակներում նախատեսված են որոշ բացառություններ, սակայն, կարծում է՝ դա խնդրի լուծում չէ:

Լոռու և Շիրակի հոգեբուժական կազմակերպություններում խորհրդատվական ծառայությունները Հայաստանի քաղաքացիներին տրամադրվում են վճարովի հիմունքներով՝ հիմք ընդունելով նրանց տվյալ բուժհաստատության սպասարկման տարածքից դուրս բնակվելը կամ այլ մարզի բնակիչ լինելը: Թաթոյանը սա խնդրահարույց համարեց, քանի որ Հայաստանի ոչ բոլոր մարզերում են գործում հոգեբուժական հաստատություններ: Ստացվում է, որ այդ մարզերի բնակիչները ստիպված են վճարել օրենքով անվճար երաշխավորված բուժօգնության համար

Արման Թաթոյանը մտահոգիչ համարեց նաև ներկայում կիրառվող օրենսդրական քաղաքականությունը՝ կապված օրենսդրական փոփոխությունների հետ: «Առողջապահության նախարարությունը մշակել և շրջանառության է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների սպառիչ ցանկ, սակայն հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն այդ ցանկում չկան»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում