Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագիր

Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագիր

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 21-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:

«ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսը սկսել է հրատարակվել 1944 թ-ից: Ավանդաբար ամսագրի գլխավոր խմբագիրը եղել է ակադեմիայի նախագահը` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: 2004թ-ից ամսագրի գլխավոր խմբագիրը ակադեմիկոս Վանիկ Զաքարյանն էր: Ներկայացնելով Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը նշեց, որ, Ռադիկ Մարտիրոսյանին «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրելով, կպահպանվի ամսագրի` ակադեմիայի նախագահի կողմից ղեկավարվելու ավանդույթը: Նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին ակադեմիկոս Վանիկ Զաքարյանին հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար:

Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահն է 2006թ-ից: 2016թ-ին նա ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, 2018թ-ին` Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ:

Ռադիկ Մարտիրոսյանն ավելի քան 200 գիտական աշխատանքի, Շվեդիայում և ԱՄՆ-ում հրատարակված 2 մենագրության հեղինակ է:

Ակադեմիկոս Մարտիրոսյանի գիտակազմակերպական ու մանկավարժական գործունեությունն արժանացել է Խորհրդային Միության, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարական բարձր պարգևների: Նա պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյան հեղափոխություն», «Պատվո նշան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշաններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում