Հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել

Հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել

Հոգեբուժական կազմակերպություններում հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր: Խնդրահարույց է նաև ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը:

Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր հոգեբուժարանների վարակազերծման համար նախատեսված մետաղական արկղերում: Այդ դեղերն օգտագործում են որպես պացիենտների բուժման հիմնական դեղամիջոց կամ նախատեսված են առաջին օգնության տրամադրման համար: Արձանագրվել են դեպքեր, երբ դեղաթիթեղները կտրված են եղել այնպես, որ ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է: Նույնիսկ առանձին դեպքերում բժշկական անձնակազմը չի կարողացել նշել դեղերի պիտանիության ժամկետը»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ այդ հարցը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ, նյութերն ուղարկել են ուսումնասիրություն սկսելու համար:

Նա խնդրահարույց համարեց նաև ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը, որը կարող է վտանգավոր լինել ոչ միայն հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց, այլ նաև շրջակա միջավայրի համար: Օրինակ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ում բժշկական թափոնները պարզապես այրվում են դրան կից դիահերձարանի մոտակայքում:

«Որոշ հոգեբուժական կազմակերպություններում պացիենտները հնարավորություն ունեն հաստատություններից դուրս գտնվող դեղատներից դեղեր ձեռք բերել, որոնք չեն վերահսկվում: Օրինակ՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում պացիենտներից մեկի մոտ առկա անալգինի, ակտիվացված ածուխի և անհայտ ծագման դեղամիջոցի մասին բուժանձնակազմը տեղեկացված չի եղել: Առանց պատշաճ հսկողության դեղորայքի ընդունումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կյանքի համար»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց, որ պետք է մշակել բաժանմունքներում պացիենտների սեփական միջոցներով ձեռք բերված դեղամիջոցների պատշաճ պահպանման կանոններ, սահմանել անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմներ:

Արձանագրվել են նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտման դեպքեր: Օրինակ՝ դեղերի համար նախատեսված արկղում առկա են եղել նաև այլ դեղերի դատարկ տուփեր, ծխախոտի դատարկ տուփեր: Հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանի տվյալները բացթողումներով և մատիտով լրացնելու դեպքեր ևս առկա են: Այս հարցով նույնպես նյութերն ուղարկել են Գլխավոր դատախազություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում