Թատրոնն անմիջական շփման արվեստ է. նշվում է Տիկնիկային թատրոնի միջազգային օրը

Թատրոնն անմիջական շփման արվեստ է. նշվում է Տիկնիկային թատրոնի միջազգային օրը

Տիկնիկային թատրոնն արվեստի ձև է, որը սահմաններ չունի: Այն ազդում է զգացմունքների, հոգու, մտքի վրա: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Տիկնիկային արվեստն ունի 5000 տարվա պատմություն. այն սկիզբ է առել ծիսակատարություններից: Մեր օրերում տիկնիկային թատրոնը հասարակությունն ընկալվում է որպես մանկական արվեստ, սակայն միայն վերջին 120 տարվա ընթացքում են սկսել տիկնիկային ներկայացումներ բեմադրվել փոքրիկ թատերասերների համար: Դրանք միշտ ուղղված են եղել մեծահասակներին, պահանջել են վառ երևակայություն և առաջնորդվել ազատ մտածողությամբ»,-նշեց Բաբայանը:

Անդրադառնալով Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին` նա պատմեց, որ այն հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին մի խումբ էնտուզիաստների ջանքերով: Եղել է շրջան, որ թատրոնները դադարել են գործել, սակայն Տիկնիկային թատրոնի անձնակազմը թատերախմբեր է ստեղծել և շարունակել աշխատել: «Երբ թատրոնները կրկին սկսեցին պետականորեն գործել, մեր թատրոնը ստիպված չէր սկսել զրոյից, քանի որ խաղացանկ ուներ»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարը:

Նրա խոսքով` այս դաշտում կան ստեղծագործական, մասնագիտական խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ` կապված թատրոնի կառավարման հետ:

«Ստեղծագործական խնդիրները հնարավոր չէ միանշանակ հաղթահարել: Ամեն ժամանակ իրենն է թելադրում: Եթե ուզում ես ժամանակակից լինել, պետք է փորձես մշտապես զգալ այդ ժամանակն ու շարունակել եռանդով աշխատել: Թատրոնի կառավարման խնդիրները կապված են կառավարության ընդունած հաճախ անհեթեթ որոշումների հետ, երբ հաշվի չի առնվում թատրոնի ստեղծագործական մոդել լինելու գաղափարը: Կան նաև մասնագիտական խնդիրներ: Ժամանակակից թատրոնը մի շարք մասնագետների առկայություն է պահանջում: Պետք է համապատասխան կրթություն ստանալ լավագույն մասնագետների մոտ, որոնք մեր երկրում հաճախ բացակայում են: Կարծում եմ, կարելի է մասնագետներին ուղարկել տարբեր երկրներ վերապատրաստման: Ամբողջ աշխարհն է այդպես աշխատում»,-ընդգծեց Բաբայանը և հավելեց, որ առկա են նաև տեխնիկական բնույթի խնդիրներ. Տեխնիկան արագ է հնանում և նորի պահանջ կա:

Թատրոնի հաջողության համար Ռուբեն Բաբայանը կարևորում է այդ ոլորտում ոչ միայն օրենսդրական դաշտի կարգավորումը, այլև տաղանդավոր ստեղծագործողների առկայությունը: «Եթե չկան լավ ռեժիսորներ, դերասաններ, անհնար է ստեղծագործել»,-ասաց նա:

Բաբայանն ասաց, որ Տիկնիկային թատրոնի միջազգային օրը իրենց թատրոնում երկու մանկական և մեկ մեծահասակների համար ներկայացում կցուցադրվի:

Տիկնիկային թատրոնի միջազգային օրը տոնելու առաջարկ առաջին անգամ հնչեցվել է 2000 թվականին իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից Մագդեբուրգում: Երկու տարի անց՝ Ատլանտայում կայացած ՈւՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA) համաժողովին որոշվել է տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում