Լևոն Մկրտչյանը Շիրակի համալսարանում ստեղծված իրավիճակը կքննարկի համալսարանի գիտխորհրդի նիստում

Լևոն Մկրտչյանը Շիրակի համալսարանում ստեղծված իրավիճակը կքննարկի համալսարանի գիտխորհրդի նիստում

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Շիրակի համալսարանից դասախոսների հեռացման խնդրին և դրանից հետո ստեղծված լարված իրավիճակին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարը նշեց, որ մարտի 24-ին գնալու է Գյումրի և մասնակցելու է Շիրակի համալսարանի գիտական խորհրդի և հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին՝ հիշեցնելով, որ Շիրակի համալսարանը հիմնադրամ է: «Մենք այնտեղ ուսումնասիրություն ենք իրականացրել, այնուհետև կատարվել է աուդիտ: Աշխատանքների կազմակերպման բոլոր խնդիրներն այդ նիստի ընթացքում կքննարկվեն: Աշխատանքից ազատելու հարցերը կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով: Եթե եղել են խախտումներ, խորհուրդը կարող է վարչական խորհրդատվության դիմել կամ աշխատանքից ազատված դասախոսները կարող են դիմել դատարան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Հարցին՝ քանի որ ինքը հայտարարել է, որ սատարում է Շիրակի համալսարանի ռեկտորին, հնարավո՞ր է, որ միակողմանի վերաբերմունք է ցուցաբերել, ինչի արդյունքում այդպիսի իրավիճակ է ստեղծվել, նախարարը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ: Հնարավոր է, որ նման հայտարարություններով փորձում են ինձ ներքաշել այդ կոնֆլիկտի մեջ, սակայն ես աշխատանքային հարաբերություներից բացի որևէ այլ հարաբերություն չունեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում