Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովը հաստատել է աջակցությունը ԼՂ խնդրի կարգավորման Մինսկի խմբի ջանքերին

Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովը հաստատել է աջակցությունը ԼՂ խնդրի կարգավորման Մինսկի խմբի ջանքերին

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի` Երևանում կայացած նիստում մարտի 21-ին ընդունվել է հայտարարություն: 

«Մենք՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի անդամներս, մարտի 20-ից 21-ը գտնվելով Երեւանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի կապակցությամբ, գործելով Ֆրանկոֆոնիայի խարտիային եւ ՖՄԿ-ի խթանած արժեքներին համապատասխան,

հղում կատարելով Մոնտրոյի (2010), Կինշասայի (2012), Դաքարի (2014) եւ Անտանանարիվոյի (2016) գագաթաժողովների ժամանակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված Ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ճգնաժամային իրավիճակներից ելքի եւ ֆրանկոֆոն տարածությունում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներին,

վերահաստատելով մեր պատրաստակամությունը վճռականորեն գործելու ի նպաստ խաղաղության եւ կայունության հաստատման, իրավական պետության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության՝ ճգնաժամերը եւ կոնֆլիկտները կանխելու նպատակով,

մտահոգված լինելով ֆրանկոֆոն տարածության բազմաթիվ երկրներում տեղ գտած ճգնաժամային եւ կոնֆլիկտային իրավիճակներով,

քաջալերելով Ֆրանկոֆոնիային շարունակելու իր գործունեությունը վաղաժամ տագնապին համապատասխան արձագանքելու, ճգնաժամային եւ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման, անցումային շրջանում պետությունների աջակցման հարցում՝ հիմնվելով ՄԱԿ-ի խարտիայի, միջազգային իրավունքի, ազգերի ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության իրավունքների վրա`

արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ կոչ ենք անում կողմերին ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման համար,

ընդգծում ենք բանակցային գործընթացը դյուրացնելու նպատակով վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը եւ լարվածության մակարդակի բարձրացմանը սպառնացող բոլոր տեսակի հայտարարություններից ու գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը,

հաստատում ենք մեր աջակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին,

կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, որը կարող է վտանգել խաղաղ բանակցային գործընթացը եւ հրավիրում ենք կողմերին շարունակելու բանակցությունները՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները, այն է՝ ուժի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին չդիմելը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ եւ կայուն կարգավորման անբաժանելի մաս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում