Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է՝ մարզային հոգեբուժարաններում գիշերային ժամերին հոգեբույժներ չեն հերթապահում

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է՝ մարզային հոգեբուժարաններում գիշերային ժամերին հոգեբույժներ չեն հերթապահում

Մարզային հոգեբուժական կազմակերպություններում հոգեբույժների գիշերային հերթապահություն չի իրականացվում: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Բացի Երևանից մարզային հոգեբուժական հաստատություններում գիշերային ժամերի հոգեբույժներ չեն հերթապահում: Իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը բավարար չէ հատկապես այն բաժանմունքներում, որտեղ պահվում են հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք: Կարծում եմ՝ անհրաժեշտ են օրենսդրական հստակ փոփոխություններ»,-ասաց Թաթոյանը:

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ կանանց բաժանմունքներում հերթապահել են տղամարդ հսկիչ սանիտարներ: Թաթոյանի կարծիքով՝ դա կանանց արժանապատվություն նվաստացնող և անթույլատրելի է: Այլ իրավիճակներում տղամարդկանց բաժանմունքներում ոչ բոլոր օրերին են ներգրաված տղամարդ սանիտարներ: Դա իրական դժվարություններ կարող է առաջացնել ֆիզիկական զսպման միջոցների կիրառման համար:

Գոյություն չունի հաստիքների նախատեսումը և հաստատումը կարգավորող այնպիսի իրավական ակտ, որը համապարփակ կսահմանի հոգեբույժների, բուժքույրերի և հսկիչ սանիտարների և մյուս մասնագետների աշխատանքների ծավալները: ՄԻՊ-ի կարծիքով՝ կա որոշ հաստիքների անհրաժեշտություն, որոնք նախատեսված չեն:

«Անհրաժեշտ է ամբողջական գնահատման ենթարկել կարիքները, հստակ նախատեսել մասնագետներ՝ անհրաժեշտ հաստիքներ վերլուծությունների հիման վրա: Մարզային հոգեբուժարաններում անհրաժեշտ է վերանայել հոգեբույժների հերթապահության անհրաժեշտությունը, վերանայել բժշկական անձնակազմի վերապատրաստման համապատասխան ծրագրերը՝ հատկապես կապված զսպման միջոցների կիրառության հետ»,-ասաց Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում