Պետական պահպանության ծառայությունը կգործի Ազգային անվտանգության ծառայության կազմում

Պետական պահպանության ծառայությունը կգործի Ազգային անվտանգության ծառայության կազմում

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Նա՝ որպես հիմնական զեկուցող հանձնաժողովի անդամներին ներկայացրեց առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո դրանում արված փոփոխությունները: «Առաջին կարևոր փոփոխությունն այն է, որ մենք վերջնականապես հանգել ենք այն եզրակացությանը, որ Պետական պահպանության ծառայությունը պետք է գործի Ազգային անվտանգության ծառայության կազմում: Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ նախկինում մենք ունեինք խորհուրդ, որը քննում էր գնումների հետ կապված բողոքները, որը կառավարության կառուցվածքից և կառավարության ենթակա մարմիններից դուրս էր: Սահմանադրությունը ներկայումս նման մարմնի ստեղծում չի ենթադրում, ուստի մենք նախատեսել ենք որպես նախարարության ենթակա մարմին գնումների հետ կապված բողոքները քննող անձանց: Կառավարությունն ինքը կսահմանի այդ անձանց թիվը, սակայն նրանց անկախության երաշխիքներն ամրագրվում են օրենքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Հաջորդ կարևոր փոփոխությունները կատարվել են «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում, որը ներառված է քննարկվող նախագծերի փաթեթում: «Խոսքը հեռախոսային խոսակցությունների վերահսկման մասին է: Հաշվի առնելով ժամանակակից տեխնիկայի զարգացումը՝ մենք այստեղ արտացոլել ենք այն ամենը, ինչը համապատասխանում է ներկայումս հեռահաղորդակցության ոլորտում տիրող իրավիճակին: Մասնավորապես, ավելի մանրամասն ենք կարգավորել ինտերնետային հաղորդակցությունը և այլն: Կան դեպքեր, երբ դատական ակտի պարագայում իրավունք են ստանում անուղղակի միջնորդավորված եղանակով կապ ունեցող հեռախոսահամարների հեռախոսային խոսակցությունների վերահսկելու, սակայն դա չի կարող լինել բոլոր հանցագործությունների դեպքում, ուստի մենք օրենքում ամրագրել ենք կարևորագույն արգելք, որ նմանատիպ գործողությունները կարող են դատարան ներկայացվել միայն այն դեպում, երբ խոսքը վերաբերում է ահաբեկչության կամ Հայաստանի պետական, ռազմական անվտանգության դեմ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Օրենքի նախագծով մի քանի նոր լիազորություններ են տրվել Երևանի քաղաքապետարանին: Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ քաղաքապետարանին տրվող առաջին լիազորությունն անվտանգության և կարգուկանոնի ապահովումն է, երկրորդ կարգավորումն էլ այն է, որ Երևանի ավագանու նիստերի ժամանակ լինելու է ուղիղ հեռարձակում և լրագրողներն օգտվելու են այդ ուղիղ հեռարձակումից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում