Օպերատիվ հավաքում Հայաստանի զինված ուժերի ղեկավար կազմի դրսևորած կարողությունները բարձր են գնահատվել

Օպերատիվ հավաքում  Հայաստանի զինված ուժերի ղեկավար կազմի դրսևորած կարողությունները բարձր են գնահատվել

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 23-ին ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները:

Ամփոփիչ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված ուսումնական մարտական խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերի ակտիվ պահեստազորի ինստիտուտի ձևավորման աշխատանքներին և առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, հանձնարարականներ տվել «Շանթ-2018» զորավարժության կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Մարտի 19-ից 23-ն անցկացված զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, զինված ուժերի զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով կատարելագործել սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման բնագավառներում, ձևավորել միասնական պատկերացումներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված էին նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում