Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին հանձնվել է Մխիթար Գոշ մեդալը

Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին հանձնվել է Մխիթար Գոշ մեդալը

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում մարտի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին հանձնվեց Մխիթար Գոշ մեդալը: Հայ-գերմանական հարաբերություններում իր նշանակալի ներդրման համար Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արարողությանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, իր խոսքում մեջբերելով Ներսես Շնորհալու հայտնի միտքը. «Իմաստությունը իրերին բոլոր կողմերից նայելու արվեստն է», ընդգծեց, որ երկու գործիչներն իրենց անձնական ներդրումով ապացուցեցին, որ մեր օրերում հանդուրժողականությունը և խիզախությունն առավել մեծ նշանակություն ունեն ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատման հարցում, քան ազգայնական կոչերը կամ այլ երկրներից մեկուսացումը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԳԴՀ կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկան հռչակավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում