«168 ժամ». Փորձագետները ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքի մասին

«168 ժամ». Փորձագետները ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքի մասին

«Այցերը և նման հայտարարությունները պատահական չեն: Դրանց ուղերձը մեկն է` Հայաստանն արժեքավոր գործընկեր է և հաշվի է առնվում Ռուսաստանի կողմից»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովի, ապա՝ Կոնստանտին Զատուլինի Երևան կատարած այցերին մեկ ամսվա ընթացքում:

Մալաշենկոն, ով վստահ էր, որ չնայած ՀՀ իշխանությունների դժգոհություններին, Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը շարունակվելու է, այս հռետորաբանության ներքո դիվանագիտություն է նկատում: Ըստ նրա, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պահանջի դեպքում Ռուսաստանը մերժի զենք վաճառել, հատկապես, երբ Ռուսաստանի համար դժվար ժամանակներում սպառազինության վաճառքը մեծ եկամուտներ է ապահովում:

Մալաշենկոյի կարծիքով, ռուս-ադրբեջանական բոլոր նախկին գործարքներն ավարտվել են, նոր առաջարկներ դեռ չկան կարծես, և Ռուսաստանը կարող է փորձ անել մեղմել Հայաստանում տիրող կոշտ հակառուսական տրամադրությունները, որոնք պայմանավորված են նաև այս խնդրով:

Գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն այն կարծիքին է, որ Ռուսաստանի Պետդուման ակտիվացրել է այցերը ՀՀ ԱԺ, քանի որ նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է ԱՄՆ-ում: Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է բոլոր դեպքերում վերահսկել իր գործընկերների շփումները Միացյալ Նահանգների հետ, քանի որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն այսօր այնքան էլ դրական փուլում չեն:

Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում