ԱՄՆ-ը չի աջակցում ՀՀ ընտրված իշխանություններին անօրինական կերպով տապալել փորձող խմբավորումներին. դեսպան Միլս. Aysor.am

ԱՄՆ-ը չի աջակցում ՀՀ ընտրված իշխանություններին անօրինական կերպով տապալել փորձող խմբավորումներին. դեսպան Միլս. Aysor.am

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ այնպիսի զինված խմբավորումներին, ինչպիսիք էր ՊՊԾ գունդը գրաված խմբավորումը: Մեկնաբանության և պարզաբանում ստանալու խնդրանքով Aysor.am-ը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Ներկայացնում ենք դեսպանի պատասխանն ամբողջությամբ. «Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում: Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել: Ուստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում