«Ֆեյսբուքի» քաղաքականության հետևանքով հայկական մեդիան 15-20 տոկոսով լսարանի կորուստ է ունեցել

«Ֆեյսբուքի» քաղաքականության հետևանքով հայկական մեդիան 15-20 տոկոսով լսարանի կորուստ է ունեցել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի քաղաքականության փոփոխությունը լուրջ ազդեցություն է թողել մեդիա դաշտի լսարանի վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ վերջին շրջանում հայկական մեդիան 15-20 տոկոսով լսարանի կորուստ է ունեցել:

«Այս խնդիրն ամբողջ աշխարհում կա, սակայն Հայաստանում ավելին է, որովհետև մեզ մոտ մեդիա դաշտի մեծ մասը նստած է «Ֆեյսբուքի ասեղի» վրա: Մյուս երկրներում դա դիվերսիֆիկացված է, թրաֆիկը գալիս է մի քանի սոցիալական ցանցերից, սակայն Հայաստանում այդպես չէ: Հետևաբար, ամեն տատանում իր ազդեցությունն է թողնում: Բավական է մի քանի ժամ «Ֆեյսբուքը» չաշխատի, լրատվամիջոցների մոտ խուճապ է առաջանում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց, որ ստեղծված իրավիճակն ազդում է նաև բիզնեսի վրա: Լրատվամիջոցները մեծ գումար են դնում գովազդի վրա, որ թրաֆիկը վերականգնեն, արդյունքում գովազդի գինն է աճում: Դա էլ իր հերթին հարվածում է փոքր բիզնեսին, որը փորձում է «Ֆեյսբուքում» առաջ տանել:

Մասնագետը կարծում է, որ իրավիճակը կարող է լրատվամիջոցների կողմից շտկվել, եթե էջերի վարման քաղաքականությունը փոխվի:

«Այսօր «Ֆեյսբուքը» տեղեկատվությունը մշակելուց հետո է դա օգտատերերին հասցնում: Օրինակ՝ մենք բաժանորդագրվել ենք 10 լրատվամիջոցի, սակայն ինքներս չենք կարող կառավարել այդ իրավիճակը: Ռոբոտները տեսնում են, թե ինչով ենք զբաղված օրվա մեջ, և դրա հիման վրա ձևավորվում է ֆեյսբուքյան լրահոսը: Ինչն արդեն մեզ դարձնում է խոցելի: Մենք սկսում ենք սխալ պատկերացում ստանալ աշխարհից: Ամենավատ օրինակներից մեկը. քաղաքական գործիչները «Ֆեյսբուքում» տեսնում են իրենց դուրեկան նորությունները, իրենց հաճելի մարդկանց գրառումները, թվում է, թե հայ հասարակությունն իրենցով է տարված, բայց խնդիրն այն է, որ «Ֆեյսբուքն» է այդպիսի տպավորություն ստեղծում: Իրենց ցույց չի տրվում հակառակ կողմը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց, որ «Ֆեյսբուքն» այդ ալգորիթմը սկսեց փորձարկել նախորդ տարվա սեպտեմբերից, սակայն այս տարի պաշտոնապես սկսեց գործարկել ամբողջ ուժով: «Ֆեյսբուքը» խնդիր ունի օգտատերերի արտահոսքի հետ կապված, դրա համար էլ գնաց նրան, որ լրատվական հոսքը նվազեցվի: Մարդիկ ավելի շատ ընկերների գրառումներ տեսնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում