Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին լայն օրակարգով համագործակցության հիմքեր են դրել

Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին լայն օրակարգով համագործակցության հիմքեր են դրել

Էջմիածինն ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը կհամագործակցեն մշակույթի, կրթության եւ գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի բնագավառներում: Քաղաքների ղեկավարները Էջմիածնում համագործակցության հուշագիր են կնքել:

Ինչպես հայտնեցին Էջմիածնի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը հուշագրով պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ մասնագետների միջեւ գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելուն:

Էջմիածինը երկօրյա պաշտոնական այցով հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Այցի շրջանակում պատվիրակության անդամների համար քաղաքապետարանը ճանաչողական շրջայց է կազմակերպել: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Մայր տաճար, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան եւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Զվարթնոց տաճար, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Հյուրերին ընդունել է նաև Վեհափառ Հայրապետը: Գարեգին Բ Կաթողիկոսը կարեւորել է Էջմիածնի եւ Բելգորոդ-Դնեստրովսկիի միջեւ ծրագրվող գործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարի ավանդույթների առավել ամրապնդմանն ու կապերի զարգացմանը:

Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի կողմից, քաղաքապետ Ալլա Գինակի նախաձեռնությամբ 2013 թվականին հայ համայնքին է վերադարձվել պատմամշակութային հուշակոթող Սբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին`կառուցված 14-15 դդ., որը ներկայում վերականգնման փուլում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում