Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վերգետնյա և ստորգետնյա անցումներում վերելակներ տեղադրել

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վերգետնյա և ստորգետնյա անցումներում վերելակներ տեղադրել

Երևանում քաղաքապետարանը պիլոտային ծրագիր է սկսել. վերգետնյա և ստորգետնյա անցումներում վերելակային լուծումներ են տրվում հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը։

«Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկ վերգետնյա և մեկ ստորգետնյա անցում ունենք, որոնք վերելակային լուծում են ստացել։ Ավետիք Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող գետնանցումի առևտրի գոտին վերելակներով հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մենք տեղադրել ենք վերելակ նաև վերգետնյա անցումներից մեկում և փորձելու ենք այդ գործունեությունը «վարակիչ» դարձնել ու շարունակել մնացած վերգետնյա և ստորգետնյա անցումներում»,- նշեց Մերթարջյանը։

Նրա խոսքով՝ և՛ տեղադրումը, և՛ սպասարկման կազմակերպումը ծախսատար է։ Այս պարագայում առաջնորդվում են քաղաքապետարան-մասնավոր համագործակցությամբ։

Անդրադառնալով նաև հասարակական նշանակության օբյեկտների շինարարական նախագծերին՝ Սամվել Մերթարջյանն ընդգծեց, որ կա քաղաքապետի հրաման, որ մինչև համապատասխան հարմարավետությունն ապահովված չլինի կառուցելու թույլտվություն չի տրվի ։

«Ընթացքը վերահսկվում է, և վերջում, եթե համապատասխան աշխատանքը կատարված չէ, անհատի հետ կատարողական ակտ չի կնքվում, և նա չի կարողանա շինությունը շահագործման հանձնել։ Բոլոր մեխանիզմները մշակված են, և մենք առաջին հերթին խնդիր ենք դնում, որպեսզի զրոյական մուտք լինի, քան թեքահարթակ կամ վերելակ»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալը։

Նա նկատեց, որ զրոյական մուտք ստանալու համար լանդշաֆտային, ջրահեռացման և այլ խնդիրներ կան, այդ իսկ պատճառով մասնավորը ստիպված է լինում համապատասխան աստիճանավանդակային լուծումներ տալ։ Այդ պարագայում մասնավորը պարտավորվում է, որպեսզի մուտքերից մեկը համապատասխան լուծում ունենա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում