«Armenian Kingdom»-ը թեյի սիրահարներին հայոց պատմության մասին կպատմի

«Armenian Kingdom»-ը թեյի սիրահարներին հայոց պատմության մասին կպատմի

Արևմտյան Հայաստանից գաղթած պապերից Խորեն Սուքասյանն Էրգրի մասին շատ բան չի լսել։ Հորական պապին չի տեսել, մորականն էլ քչախոս մարդ էր։ Հեռվում մնացած Մուշն ու Ալաշկերտը որոշ չափով տատիկների կարոտախառն պատմությունների միջոցով է ճանաչել, որոշ չափով էլ՝ պատմությունը փորփրելով։ Դպրոցում հայոց պատմության դասաժամերին ցուցաբերած անտարբերության համար զղջացել ու որոշել է սխալն ուղղել, երբ այլևս ոչ ոքի առաջ դաս պատմելու պարտավորություն չուներ։ Երեցների տոհմի ժառանգն, ուղղակի, սեփական տոհմածառի ճյուղերն էր ուզում պատկերել։ «Եթե ուզում ես ճանաչել թեկուզ քո տոհմը, պետք է պատմությունդ ուսումնասիրես»,-համոզված է Խորենը։ Իր պարագայում հատկապես «ո՞վ», «որտեղի՞ց եկավ», «ինչո՞ւ եկավ» հարցերի պատասխանները ստանալու համար դա միակ ճանապարհն էր։

Երկար ժամանակ Խորենը մտածում էր, թե ինչպես կարելի է կորուսյալ հայրենիքի նկատմամբ ունեցած պահանջատիրությամբ վարակել հնարավորինս մեծ թվով մարդկանց։ Եվ, վերջապես, գտավ ամենարդյունավետ տարբերակը՝ ապրանքի՝ ավելի կոնկրետ թեյի միջոցով մարդկանց ներկայացնել հայոց պատմության կարևոր անցքերի մասին համառոտ տեղեկություններ։ «Թեյի տուփի վրա պատկերվելու է Մեծ Հայքի քարտեզը՝ հայերեն ու անգլերեն տարբերակներով, իսկ տուփի մեջ արդեն մեր թվարկության կարևորագույն իրադարձությունների համառոտ նկարագրությամբ ներդիր կլինի՝ հինգ լեզուներով: Շեշտադրումը Հայոց ցեղասպանության թեմայի վրա է արվելու»,-ասում է «Armenian Kingdom» ապրանքանիշի հիմնադիրը:

Հայկական արտադրության թեյերը նախատեսվում է շուկա հանել Ցեղասպանության 103-րդ տարելիցի նախօրեին։ Հումքի որոշ մասը՝ ուրցը և նանան, ձեռք է բերվելու Հայաստանից, սև թեյը՝ Ցեյլոնից։ Ուրցով հարուստ տարածաշրջանները մեր երկրում քիչ չեն, բայց Խորենն արդեն նախընտրած վայրեր ունի. «Armenian Kingdom»-ի համար ուրց կհավաքեն Գորիսի, Սիսիանի և Եղեգնաձորի տարածաշրջանի գյուղացիները՝ իրենց իսկ հարող լեռնային շրջաններից։ «Հավաքը հիմա դադարեցված է, քանի որ այդ տարածաշրջաններում ուրցը դեռ նոր է ծաղկում, բայց շուտով կսկսվի։ Նանան է մի քիչ դժվար գտնելը, որովհետև այն հիմնականում ջերմոցներում են աճեցնում, իսկ ես ուզում եմ անպայման արևի տակ աճած խոտաբույսեր լինեն թեյի մեջ»,-ասում է Խորենը։

Գյուղացիներն ուրցն ու դաղձը կհավաքեն, կհանձնեն արտադրամաս, որտեղ էլ մաքրելուց, փոշեզրկելուց հետո կփաթեթավորվի ու կհանվի շուկա։ Թիրախային շուկան, Խորենի խոսքով, առաջին հերթին, տեղականն է լինելու։ Արտահանումն էլ, սակայն, չի ուշանա. հայաստանյան սպառողին ներկայանալուց հետո, «Armenian Kingdom»-ը հասանելի կլինի նաև Ռուսաստանում. «Բացի Մոսկվայից, հնարավոր է նաև ռուսական մի շարք այլ քաղաքներ արտահանենք։ Պոտենցիալ շուկա է նաև Լեհաստանը։ Մոտ օրերս դա էլ կհստակեցվի»։

Որ թեյի արտադրությամբ զբաղվող հայկական երկու տասնյակից ավել ընկերությունների շարքում «Armenian Kingdom»-ն իր տեղն ու դիրքը շուկա մտնելուն պես կապահովի, Խորենը չի կասկածում։ Հումքերում ԳՁՕ-ի բացակայության մասին սերտիֆիկատը, որը ստացել է Մոսկվայում անցած փորձաքննության արդյունքում, լուրջ հաղթաթուղթ է այդ առումով։ Վստահեցնում է՝ գինն էլ շուկայականից եթե ոչ էժան, ապա թանկ հաստատ չի լինի։

Յոթ ապրանքատեսակների միջոցով հայոց պատմության կարևոր տարեթվերը ներկայացնելու Խորենի գաղափարը Հայաստանում հաջողությամբ ընդունվելուց հետո, «Armenian Kingdom»-ն իր շուրջը կհավաքի նաև թեյի այլազգի սիրահարներին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում