Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը բերքի կորստի պատճառ չեն դառնա

Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը բերքի կորստի պատճառ չեն դառնա

Հանրապետության գրեթե բոլոր մարզերում մարտի 30-ին տեղացած հորդառատ անձրեւը որեւէ էական վնաս չի հասցրել պտղատու ծառերին: «Արմենպրես»-ի հետ հեռախոսազրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասաց, որ կարկուտ տեղացել է միայն Արմավիրի մարզի Արգինա համայնքում, որտեղ ծիրանենին 4-5 օր է ծաղկել է: «Այնտեղ վնասի չափի մասին այս պահին տեղեկատվություն չկա: Վաղը, մյուս օրը մարզպետարանի հանձնաժողովները տեղում կաշխատեն»,-ասաց նա:

Փոխնախարարը քիչ հավանական համարեց բերքի կորուստը՝ նշելով, որ ծաղկած ծիրանենու ընդհանուր ծաղիկների 5-8 տոկոսն է բերք կազմավորում: «Չեմ կարծում, որ այսօր տեղացած կարկուտն ամբողջ ծաղիկները վնասած լինի: Պետք չէ անհանգստանալ»,-վստահեցրեց Հարությունյանը:

Նա նշեց, որ գտնվում է Գեղարքունիքի մարզում, որտեղ անձրեւ է տեղում: «Սիսիանում այսօր հորդառատ անձրեւ է տեղացել, գետերը վարարել են: Արթիկում ձնախառն անձրեւ է տեղացել, արդյունքում ջրամբարները լցվել են, ինչը շատ լավ է»,-հավելեց փոխնախարարը:

Խոսքը գյուղացիներին ուղղելով՝ Աշոտ Հարությունյանը հորդորեց խուճապի չմատնվել: «Ամեն ինչ նորմալ է, ունենք տեղումներ, նորմալ ցանքեր են կատարվում, գնում ենք դեպի նորմալ գյուղատնտեսական տարի: Այս պահի դրությամբ ցրտահարության խնդիր եւս չունենք: Արարատյան դաշտում արդեն ծաղկաթափություն է գրանցվել, գնում է պտղի ձեւավորման գործընթաց»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում