Սվիտալսկին վստահ է՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հայաստանցի արվեստագետների առջև կբացի նոր դռներ

Սվիտալսկին վստահ է՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հայաստանցի արվեստագետների առջև կբացի նոր դռներ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանցի շատ արվեստագետներ կմասնակցեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում:

«Տասը օր առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ է տալիս Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է ծրագրի մշակութային բաղադրիչին: Հպարտ եմ, որ Հայաստանը կատարեց այդ գործը: Ծրագիրը նոր դռներ կբացի և հայաստանցի արվեստագետներին թույլ կտա մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր մշակութային ծրագրերի»,– ասաց Սվիտալսկին:

Կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն մարտի 20-ին Բրյուսելում ստորագրել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

Եվրոպական հանձնաժողովի այդ ծրագիրը նպաստում է մշակութային բազմազանությանը եւ ստեղծարար ոլորտների մրցունակության բարձրացմանը: Հայաստանը միացել է ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում