Դատարանը ձերբակալեց «Զիմնյայա վիշնյա»-ի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենին

Դատարանը ձերբակալեց «Զիմնյայա վիշնյա»-ի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենին

Կեմերովոյի շրջանային դատարանը որոշում է կայացրել ձերբակալել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովային: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բոգդանովան բանտում կմնա մինչև մայիսի 25-ը:

«Կան բավարար հիմքեր ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելով Բոգդանովան կարող է թաքնվել նախաքննության մարմիններից, ինչպես նաև քայլեր ձեռնարկել հանցանքի հետքերը թաքցնելու համար, ճնշում գործադրել վկաների վրա»,- հայտարարել է դատավորը:

Բոգդանովան մեղադրվում է հրդեհային անվտանգության պահանջները խախտելու մեջ, ինչը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Քննության տվյալներով՝ նա բազմիցս ստացել է հաղորդումներ այն մասին, որ հակահրդեհային համակարգում կան անսարքություններ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել դրանք վերացնելու նպատակով:

Բոգդանովան հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:

Նա այդպիսով դարձավ հրդեհի գործով վեցերորդ ձերբակալվածը:

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին բնռկված հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որոնց շարքում 41-ը երեխաներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում