AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Միքայել Շեկյանը

 
 

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Միքայել Շեկյանը։

Ուզում եք իմանալ, թե ինչպես էր պատկերանում կյանքը պատերազմի հորձանուտի մեջ հայտնված 17-ամյա պատանու համար։ Ասեմ՝ կյանքը առավոտվա քաղցր թեյի բաժակների պարբերականությունն էր, քանակը։

Ես դա զգացել եմ այն ժամանակ, երբ նախապատրաստվում էինք Սումմա գյուղի ազատագրմանը։ 1993թ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 6-ը ամեն լուսաբաց մենք մի-մի բաժակ քաղցր թեյ էինք խմում ու տեղակայման վայրից գնում մարտական առաջադրանքի։ Թեյ խմողների թիվն օր օրի պակասում էր, մեր շարքերն օր օրի նոսրանում էին։ Ճակատամարտից առաջ զոհվելու կամ չզոհվելու, կյանքի ու մահվան ողջ փիլիսոփայությունն ամփոփվում էր մեկ հարցի մեջ միայն. արդյոք վա՞ղն էլ ես քաղցր թեյ կխմեմ... 

Այդ օրերի մեր ապրումները պարզ էին, աշխարհի գույները՝ սև ու սպիտակ, կյանքն ու մարդիկ միայն մեկ երես ունեին: Այդ պատճառով էլ ապրելը հեշտ էր: Այդ հիմա է, որ ամեն ինչ, ինչպես ասում են, հարաբերական է: Այն ժամանակ այդպես չէր: Հատկապես ինձ համար, որ ընդամենը մի անմորուս պատանի էի:

Օրինակ, ես գիտեի, որ հայրս պատերազմ է գնացել, ուրեմն իմ տեղն էլ նրա կողքին պիտի լիներ: Եվ իզուր էին ինձ մատնացույց անում Ռուսաստանում համալսարան ընդունված հասակակիցներիս, իզուր էին ամեն մարտից առաջ ինձ իբր թե մի կարևոր գործով ինչ-որ մի տեղ ուղարկում: Երկար ժամանակ ինձ ոչ մի ջոկատում չէին ընդունում: Բոլորը ճանաչում էին հորս ու որտեղ էլ գնում էի՝ հետ էին ուղարկում: Այդպես շարունակվեց մինչև 1993թ փետրվարը: Երբ արդեն 17-ս բոլորեցի, Ժողտնտեսական ինստիտուտ ընդունվեցի, այլևս ինձ չխանգարեցին: Ես մտա 4-րդ՝ 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակն ու սկսեցի կյանքի իմ ճանապարհը:

Իսկ մինչ այդ, դեռևս 88-ին, ես որոշել էի ինչ գնով էլ լինի՝ զենք ձեռք բերել: Հիշում եմ, ինչպես հիմա: Փետրվարի 22-ն էր: Հայրս գնացել էր Ասկերան: Հիշում եք երևի, որ հենց այդ օրն էր ադրբեջանական ամբոխը ներխուժել Ասկերան: Ուրեմն այդ օրը ես մեր բակից 4 տղաների հետ որոշեցի գնալ զենքի հետևից: Զենք ունենալու համար էլ, իմ համոզմամբ, կարգին մեծ տղա էի՝ 12 տարեկան: Ընկերներս մի քիչ փոքր էին՝ 10-11 տարեկան: Ես գիտեի, որ «Տիր»-ում զենք կա, որ բարձր դասարանցիներին տանում են այնտեղ կրակել սովորեցնում: Եվ այսպես, դպրոցից հետո 4 ընկերներիս հետ գնացինք «Տիր»։ Պատերի վրայով հեշտությամբ անցանք: Ներսում էլ մեզ բավականին վարպետորեն դրսևորեցինք։ Սկզբից փայտեր, կոճղեր հավաքեցինք, բերեցինք դասավորեցինք պատերի տակ, որպեսզի զենքերը ձեռքներիս կարողանայինք բարձրանալ: Զարմանալի էր, որ շենքում ոչ մի պահակ չկար: Մենք զգուշությամբ, բայց և, առանց խոչընդոտների ներս մտանք շինությունը: Մեր առջև բացվեց նախանձելի մի տեսարան․ «ՏՈԶ» տիպի հրացաններ՝ պատին գեղեցիկ շարված: Մեր սիրտն այնպես էր բաբախում, ավելի շուտ ոչ թե բաբախում էր, այլ ծիտիկի պես թպրտում էր այնպես, որ թվում էր՝ կողքից նայողն անպայման կտեսներ այն: Բայց, բարեբախտաբար մեզ հետևող չկար ու մեր ձեռնարկը նախատեսվածից էլ հաջող էր ընթանում: Միակ խնդիրը, որ ծառացավ մեր առջև այն էր, որ հրացաններըները ապակու տակ էին շարված: Պետք էր ջարդել ապակին, որ հետո վերցնենք դրանք: Այդպես էլ արեցի: Բայց հանկարծ մենք սթափվեցինք հազիվ լսելի մի դզզոցից: Ես հասկացա, որ դա ներքին ազդանշան է, և որ ուր որ է, կհայտնվեն միլիցիոներները:

Մենք շտապեցինք դուրս գալ «հանցանքի վայրից»։ Ընկերներս փախան՝ ամեն մեկը մի ուղղությամբ: Ես էլ ահագին տեղ վազեցի, բայց չհեռացա տեղանքից: Ես որոշեցի պատկառելի հեռավորությունից նայել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Սկզբում ամեն ինչ լավ էր: Ընկերներս չերևացին: Միլիցիոներներն էլ մի քանի անգամ ներս ու դուրս արեցին, նստեցին մեքենաները: Բայց... բայց նրանք եկան ուղիղ դեպի ինձ, թե բա՝ էստեղ ի՞նչ ես անում: Ես տղամարդավարի պատասխանեցի, թե՝ ժամանադրության եմ եկել, աղջկա եմ սպասում: Սրանք թևիցս բռնեցին․ «Մեզ հետ կգաս ու բաժանմունքում կպատմես, թե այդ ի՞նչ աղջկա ես սպասում: Եթե նա էլ հաստատի այդ, ուրեմն քեզ բաց կթողնենք»: Միլիցիոներները չհավատացին իմ այն պնդումներին, թե ես չեմ ուզում վտանգել իմ սիրած աղջկան՝ պատմելով մեր մասին: Ի վերջո, ի՞նչ կասի նրա հայրը, ի՞նչ կմտածեն ուրիշները: Ոչ, ես չէի կարող մատնել մեր գաղտնիքը:

Երբ իմ բոլոր փաստարկները վերջացան ու ես արդեն ուղղվում էի դեպի նրանց ավտոմեքենան, բոլոր ժամանակների հանցագործների նման, որոշեցի փախչել: Նրանք, իհարկե, չէին կարող մրցել ինձ հետ վազքի հարցում, մանավանդ, որ իմ հարազատ քաղաքի բոլոր ծակուծուկերը անգիր գիտեի։ Տուն եկա: Պատշգամբում կանգնած աչքերով փնտրեցի ու հերթով գտա ընկերներիս: Այսինքն երեքին գտա, չորրորդը չկար: Նրան բռնել էին։ Այդպես սկսեց բացվել մեր գործողությունների կծիկը: Հերթով բոլորիս տարան բաժին: Երբ հերթը հասավ ինձ, արդեն հաջորդ օրվա առավոտն էր: Ես ու հայրս ճամփա ընկանք դեպի միլիցայություն: Մինչև այդ պահը, ես դեռևս ոչ մի խոսք բերանիցս չէի գցել, բայց հայրս ստիպեց ինձ պատմել ամեն ինչ: Ի վերջո, չպիտի՞ իմանար, թե ինչից էր պաշտպանելու ինձ: Ես պատմեցի: Նա ինձ հասկացավ: Բաժնում ես հասկացա, որ անչափահասների գաղութից ինձ փրկողը հորս հեղինակությունն է միայն: Չէի ասի, որ դա շատ հեշտ ստացվեց:

Ժամանակները խառն էին: Ճիշտ է, ազգային, հայրենասիրական գաղափարներն արդեն թևածում էին հրապարակներում, բայց դեռևս կային միլիցիոներներ, որոնք հանուն ուսադիրների մի նոր աստղի, կարող էին տապալել իմ կյանքը: Ընկերներիս, բնականաբար, նույնպես ոչինչ չարեցին: Հարցը փակվեց, բայց զենքի տիրելու ձգտումս չկոտրվեց դրանից: Ես գիտեի, որ ճիշտ եմ արել, հայրս էլ ինձ հասկանում էր: Եվ դա բավական էր:

Այդ օրը շրջադարձային եղավ ինձ համար։ Այդ օրն ավարտվեց իմ մանկությունը։ Ես ինձ նման շատ տղաների պես ստիպված եղա ժամանակից շուտ մեծանալ․ պատերազմը մեր բոլորիս կյանքում արեց իր խմբագրումները, թողեց իր հետքը։ Փոխվեցին արժեքների մեր ընկալումները։ Բարձրագույն արժեքը ոչ թե կյանքն էր, այլ գաղափարը, հանուն որի մենք պատրաստ էին նվիրել և նվիրում էինք մեր կյանքերը։ Դրա համար էլ զարամանալի չէ, որ ինձ համար կյանքի ու մահվան ողջ փիլիսոփայությունը ամփոփվում էր մեկ հարցի մեջ միայն. արդյոք վա՞ղն էլ ես քաղցր թեյ կխմեմ...

Զոհվելուն շատ հանգիստ էի վերաբերում։ Գուցե պատճառը էլի տարիքս էր. շատ փոքր էի, երևի, կյանքի իսկական արժեքը զգալու, գնահատելու համար։ Իսկ շուրջբոլորս մահն այնքան շատ էր, որ սովորել էի նրան։ Կար մի տևական ժամանակահատված, երբ ոչ մի օրն առանց զոհերի չէր անցնում։ Ու ես սովորեցի անտարբերությամբ նայել մահվան աչքերին, չդողալ, երբ նա հետևում էր ինձ, չշփոթվել, երբ ուսերիս հետևում զգում էի նրա շունչը։

Կարծում եք դատարկ խոսքե՞ր եմ ասում։ Ո՛չ։ 1994 թ, հունվարի 15-ն էր: Սեյիդ Ախմեդլու տեղանքում էինք։ Դեռ լույսը չէր բացվել, երբ մենք 25 հոգով սկսեցինք նշանակված գործը։ Ըստ նախնական պայմանավորվածության, մենք պիտի մտնեինք թշնամու թիկունքն ու թիկունքից հարվածելով խուճապի մատնեինք նրանց։ Հադրութի պաշտպանականը պիտի առաջանար ու թշնամու առաջնագիծը գրավելով՝ հասներ մեզ: Իրենց դիմացի դիրքերն էին, մենք կողքից էինք մտնում։ Մեր գործողությունը տևեց մոտ մեկ ժամ։ Բայց Հադրութի պաշտպանականը ինչ-ինչ պատճառներով առաջ չեկավ ու մենք մնացինք թշնամու թիկունքում՝ սեպի պես խրված: Ամայի տեղանք էր՝ ոչ մի փոս, ոչ մի բլուր, ոչ մի ծառ, անգամ։ Մենք ենք՝ թշնամու դիրքում։ Արդեն կեսօր էր։ Մերոնցից ձեն-ձուն չկար։ Ընդհակառակը, Մարտունու դիրքերից մեզ տեսան ու թշնամու տեղ ընդունելով՝ կրակ բացեցին մեզ վրա։ Թշնամին էլ իր հերթին գրոհեց, որպեսզի հետ վերցնի կորցրած դիրքը։

Ստացվեց այնպես, որ մենք հայտնվեցինք երկու կրակի արանքում․ մի կողմից մերոնք էին կրակ թափում գլխներիս, մյուս կողմից՝ թշնամին։ Ու չկար մի տեղ՝ գլուխդ թաքցնելու համար։ Զոհերն ու վիրավորները անխուսափելի էին, հասկանալի է։ Կապվեցինք հրամանատարական կետ, հաղորդեցինք իրավիճակի մասին, մեզ հանձնարարեցին դուրս գալ ու հետ՝ ելման կետ վերադառնալ։ Կրակի տարափ էր այն, ինչի միջով պիտի անցնեինք։ Մենք որոշեցինք վազելով անցնել այդ տարածությունը։ Պարզ է, առաջինը զոհերին ու վիրավորներին պիտի հանեինք, ու երբ նրանց հանողները հեռացան՝ մնացինք ընդամենը չորս հոգի։ Վազելիս, ես տեսա, թե ինչպես իմ առջևից ընթացող Վարուժանի տուլուպը ծակ է։ «Վարուժան, էս ի՞նչ է, վիրավորվե՞լ ես»։ «Ուշադրություն մի՛ դարձրու։ Բան չկա։ Շու՛տ արա, հետո կտեսնենք»,- եղավ Վարուժանի հապճեպ պատասխանը։ Պետք էր ոչ մի րոպե չկորցնել, որովհետև երկու կողմից անընդհատ աշխատում էին մեզ վրա։ Բայց մինչ մենք վազելով անցնում էինք այդ տարածությունը, թշնամու դիրքերից մի տանկ հայտնվեց։ Այսինքն այն դիրքերից, որոնք մերոնք պիտի գրավեին, բայց առաջ չէին եկել։ Մեզնից բարձր էր դիրքը, միայն այն տեսանք, որ աշտարակը դեպի մեզ է ուղղված։

Մենք մեր զենքերից բացի, մի-մի նռնականետ ունեինք։ Ամեն մեկիս մոտ մեկական արկ կար։ Մենք հերթով կրակեցինք, բայց ճակատագրական պատահականությամբ ոչ մի արկն էլ չկպավ նշանակետին։ Մնացել էինք մեն-մենակ՝ մահվան դեմ հանդիման ու առանց թարթելու նայում էինք միմյանց աչքերի։ Ի՞նչ պիտի լիներ։ Ի՞նչ էինք զգում այդ պահին։ Ոչինի՛նչ էլ չէինք զգում։ Ամեն օր մեզ նման տղաներ էին զոհվում, շատերի մարմինները մաս-մաս էինք հավաքում։ Մեր հերթն էր հասել։ Ի՞նչ կա որ։ Այն սառնությունը, որով մենք նայում էինք մեզ մոտեցող տանկին, երևի անբնական էր, կյանքի օրենքներին հակասող, որովհետև ես կարծում էի, թե մահվան սպառնալիքը պիտի որ ստիպեր կառչել կյանքից։ Բայց մենք կանգնել էինք անտարբեր ու սպասում էինք մեր բաժին արկին, որն այդպես էլ չպայթեց։ Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ տանկը նախ թեքեց աշտարակը, հետո ընդհանրապես, շրջվեց ու հեռացավ։

Այդ հետո մենք իմացանք, որ մեր տղաներից Խնուշինակցի Արթուրն էր որոշել մեզ օգնության գալ։ Իմացել էր մեր ծանր դրության մասին, մեր վիրավորների, մեր զոհերի մասին։ Նա Հադրութի պաշտպանականից տանկը վերցրել ու եկել էր մեզ աջակցելու, մեր փախուստն ապահովելու։ Պարզվել է, որ մեր և նրանց արանքում եղած դիրքից ադրբեջանցիները թողել-հեռացել էին։ Մերոնք եթե առաջ գային, առանց դիմադրության կհասնեին մեզ։ Բայց, չգիտեմ ինչու, չեկան։ Ու մենք ստիպված եղանք ապրել այն, ինչ ապրեցինք։ Հույս ունեմ, նրանք ծանրակշիռ պատճառներ ունեին առաջադրանքը չկատարելու համար, որովհետև մենք շատ ծանր գին վճարեցինք դրա համար․․․

․․․Իսկ քաղցր թեյ մինչև հիմա սիրում եմ․․․ Այսօր էլ իմ ամեն մի լուսաբացը սկվսում է մի բաժակ քաղցր թեյով, այն տարբերությամբ, որ այն ինձ մոտ այլևս մահվան մասին մտքեր չի արթնացնում։ Վաղվա օրն էլ, վաղվա թեյն էլ կանխատեսելի են ու սպասված։ Ավելի ճիշտ՝ ամեն նոր օրն է սպասված ու գնահատված։

Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին քննարկվել է թվայնացման օրակարգը ԱԺ-ն մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ ՀՀ նախագահն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ Իգոր Պետրիշենկոյի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ն պետք է միջազգային վարկանիշային հարթակում նոր դիրքեր նվաճի Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մեն մրցաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հայտարարությունը ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում Ասկեր Մամինը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջնահերթությունները Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին Կառավարությունն անգամ գործող ԸՕ-ով ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է ապահովել դրանց նկատմամբ մաքսիմալ վստահություն. Արտակ Զեյնալյան Ղրղզստանի փոխվարչապետը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք տարիները Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ Գեղարքունիքի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը Հանրապետականը հստակեցրել է իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՔՊ-ի առաջադրած թեկնածուները հաղթել են Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Маленький принц войны Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը «Հրապարակ». Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞ «Հրապարակ». Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan