Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն Ադրբեջանի ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն Ադրբեջանի ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ապրիլի 2-ին այրված հայտարարությունը։

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Բալայանը նշել է. «Հայտարարությունը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. դպրոցի բակում երեխայի սպանությամբ, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով, դիակների խեղումներով, իրենց տան մեջ տարեցների խոշտանգմամբ ու սպանությամբ: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ոչ միայն այս զազրելի ոճրագործությունների իրականացման, այլև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր տեղի ունեցած հայկական կոտորածների համար։ Բաքուն փորձում է դրանցից խուսափել սովորական դարձած ստի ու կեղծիքի միջոցով:

Ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն է այն ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության, որ Ադրբեջանը 30 տարիներ ի վեր իրականացնում է Արցախի ժողովրդի հանդեպ` փորձելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման միջոցով ճնշել նրանց ինքնորոշման, ազատ ապրելու ու արարելու միջազգային իրավունքով ամրագրված անքակտելի իրավունքը:

Բաքուն շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, նաև հրաժարվելով իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումները` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմնավորվածությունները, շարունակաբար խախտելով 1994-95թթ.-ի ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված եռակողմ, անժամկետ համաձայնագրերով իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Դրա վառ օրինակն էր երկու տարի առաջ հենց այս օրը Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի նոր ագրեսիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում