«Ժողովուրդ». Իշխանությունների պահվածքը տգեղ էր, շատ տգեղ

«Ժողովուրդ». Իշխանությունների պահվածքը տգեղ էր, շատ տգեղ

«Ժողովուրդ» թերթն անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին և գրում է, որ «ողջ օրվա ընթացքում այդպես էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ապրիլյան պատերազմի զոհերի մի մասի շիրիմներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չայցելեց»:

Թերթը նկատել է, որ «այնտեղ չէին ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը, ո՛չ էլ նախարարները: Միայն ՊՆ ներկայացուցիչներն էին երեկ «Եռաբլուրում» եղել, և վերջ:

Ավելի վաղ՝ ապրիլի 1-ի ուշ երեկոյան, «Եռաբլուր» էր այցելել պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի ու երիտասարդների հետ` սա էլ հավանաբար կուսակցական PR-ի շրջանակներում սելֆի անելու համար: Դժվար է ասել՝ բարձրաստիճան պաշտոնյաները մոռացե՞լ էին օրվա խորհուրդը և այդ պատճառով չէին այցելել, թե՞ պարզապես խուսափել էին զոհերի շիրիմների մոտ նրանց հարազատներին առերեսվելուց, աչքերին նայելուց: Ի վերջո, քառօրյա պատերազմը բացահայտեց այս իշխանությունների իրական դեմքը. տարիներ շարունակ ԶՈՒ-ում իրականացված անխնա թալանի, բացթողումների և, մեղմ ասած, սխալ քաղաքականության հետևանքն էր, որ անսպասելի պատերազմում հայկական կողմը չորս օրում ավելի քան 100 զոհ տվեց, երբ զինվորը ստիպված էր կռվել 80-ականների զենքերով, փամփուշտները վերջանալուց հետո՝ բահով, իսկ զինտեխնիկան հնարավոր չէր եղել արագ գործի դնել: Ամեն դեպքում, իշխանությունների պահվածքը տգեղ էր, շատ տգեղ»,- գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում