Ժամանցի վայրեր, սննդի կետեր. ԱԻՆ-ը խոշորացույցի տակ է վերցնում մարդկանց զանգվածային ներկայության օբյեկտները

Ժամանցի վայրեր, սննդի կետեր. ԱԻՆ-ը խոշորացույցի տակ է վերցնում մարդկանց զանգվածային ներկայության օբյեկտները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ակտիվորեն հետազոտություն է անցկացնում մարդկանց զանգվածային ներկայության օբյեկտներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ հետազոտությունները սկսել են իրականացվել դեռ հունվարից:

«Օրենքով սահմանված կարգով այն վայրերում, որտեղ մենք իրավունք ունենք, իրականացնում ենք հետազոտություններ: Մենք հետազոտություն անցկացնելու իրավունք շատ վայրերում ունենք, այդ թվում՝ հանրային սննդի կետերում, ժամանցի վայրերում և այլն: Հունվարից սկսած մեր աշխատանքում շեշտը դրել ենք սկզբում խոշոր վայրերի, կենտրոնների ստուգման վրա»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը: Մեր այն հարցին, թե արդյոք դեռ հերթը չի՞ հասել սննդի կետերին, Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ առանձին վերցված համեմատաբար փոքր սննդի կետերին դեռ չի հասել, սակայն նույն խոշոր առևտրի կենտրոններում, ժամանցի վայրերում եղել են նաև սննդի կետեր, որտեղ նույնպես անցկացվել է հետազոտություն:

ԱԻՆ-ը հետազոտությունների աշխատանքը շարունակում է, առաջիկայում խոշորացույցի տակ կլինեն նաև առանձին վերցված սննդի կետեր, սրճարաններ, մանկական ժամանցի կետեր, մշակութային կենտրոններ և այլն:

Ինչ վերաբերում է մինչ այժմ կատարված հետազոտությունների արդյունքներին, ապա Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ հայտնաբերված բացթողումներն ու խնդիրները տարբեր են:

«Կան անվտանգության կանոններին հետևող տնտեսավարողներ: Կան տնտեսավարողներ, որոնց օբյեկտներում անվտանգության խնդիրները միջին մակարդակի են, որոշներում էլ` բավարար չեն: Հիմնական խնդիրները կապված են հակահրդեհային պաշտպանության համակարգերի հետ, որոշ տեղերում դրանք չկան, կրակմարիչները կամ բացակայում են, կամ չեն բավականացնում: Կան էլեկտրատնտեսության, հակահրդեհային ջրամատակարարման հետ կապված խնդիրներ:

«Ես ուզում եմ նշել, որ Կեմերովոյի դեպքերը պատճառ չեղան, որ մենք հետազոտություն իրականացնենք: Ընդգծում եմ, մենք հետազոտությունները սկսել ենք հունվարից: Մարդկանց զանգվածային ներկայության օբյեկտները մեր ուշադրության կենտրոնում են դեռ տարվա սկզբից: Այդ նույն մեր հետազոտությունը շարունակվում է` ընդգրկելով նաև այլ օբյեկտներ»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայում սննդի արագ սպասարկման կետերից մեկում ապրիլի 2-ին տեղի ունեցած դեպքին, ապա Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այնտեղ ոչ թե հրդեհ է բռնկվել, այլ պայթյուն է եղել, հետևաբար, իրավապահ մարմինները կքննեն` հասկանալու իրական պատճառները:

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել են փորձաքննություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում