Ինչպես գարեջուրը հայտնվեց «Բուրգեր քինգ»-ի մենյուում. հետաքննություն և առաջին մեկնաբանությունը ընկերությունից

Ինչպես գարեջուրը հայտնվեց «Բուրգեր քինգ»-ի մենյուում. հետաքննություն և առաջին մեկնաբանությունը ընկերությունից

Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի առաջին վարկածը գարեջրի ճնշումն ապահովող գազի բալոնի պայթյունն էր: Այս տեղեկությունը կասկածի տեղիք տվեց, քանի որ քչերն են մտաբերում գարեջրի վաճառք հիշյալ սննդի կետում: «Արմենպրես»-ի թղթակցի հետաքննությունը պարզեց, որ այս պահին ընկերության՝ «Դալմա» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում գարեջուր չեն մատուցում: Այնտեղ նշել են, որ մենյու չունեն, որը կարող են տրամադրել, իսկ գարեջուրը նշված է միայն վաճառասեղանի մոտ առկա գնացուցակում: Թղթակիցը ցանկացել է գարեջուր պատվիրել, սակայն նրան տեղեկացրել են, որ այլևս չունեն: Այն վերջերս է ներմուծվել մենյու, սակայն արդեն դադարեցրել են վաճառքը:

Ի պատասխան տեղեկության, որ մենյուում գարեջուր չկա, «Բուրգեր քինգ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ինգա Հարությունյանը վստահեցրեց, որ այն առկա է:

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան Հարությունյանը նշեց, որ տուժածների բժշկական փոխհատուցումն անհրաժեշտության դեպքում կիրականացնի ընկերությունը: «Կազմակերպությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև օժանդակել տուժածների հետագա բուժման ծախսերը»,- ընդգծեց Հարությունյանը:

Խոսելով մեղավորների մասին՝ Ինգա Հարությունյանն ասաց, որ իրենք նախաքննություն չեն իրականացրել և չեն էլ կարող, քանի որ այդ հարցով զբաղվում են ոստիկանները և քննիչները:

«Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետի գործունեության դադարեցման մասին խոսք չկա և հետագա գործողությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- եզրափակեց հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում