Արցախի ՄԻՊ-ը հերթական զեկույցն է պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ը հերթական զեկույցն է պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերթական զեկույցն է պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարեց ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ` ի պատասխան հարցի, թե ինչ արդյունքներ կան Ապրիլյան պատերազմի փաստահավաք գործունեությունից: «Մենք մի քանի զեկույցներ ենք պատրաստել: Հերթական զեկույցն ենք պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ: Արդյունքներից մեկը հարցի բարձրաձայնումն է: Չգիտեմ արդյոք հաճա՞խ է պատահում, որ չճանաչված պետության ՄԻՊ զեկույցներին հղում տան հեղինակավոր իրավապաշտպան ու այլ կառույցներ, այդ թվում` «Freedom house»-ը, Միջազգային ճգնաժամային խումբը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

ՄԻՊ-ի խոսքով` միջազգայնորեն ճանաչված չլինելը որոշակի խնդիրներ առաջացնում է Արցախի Հանրապետության համար, այնուամենայնիվ երկիրը միակողմանիորեն միացել է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերի, մասնավորապես, Մարդու և քաղաքացու մասին միջազգային դաշնագրին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, այլ փաստաթղթերի: «Այս տարվա զեկույցում մենք բարձրացնում ենք նաև այն խնդիրը, որ անհրաժեշտ է ներկայացնել պարբերական զեկույց ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ այս աշխատանքը սեղմ ժամկետներում կիրականացվի»,-հավելեց պաշտոնյան:

Նա նշեց, որ դատապարտում է միջազգային այն կառույցներին, որոնք քաղաքական պատճառներով ցանկություն չեն հայտնում գործունեություն իրականացնել Արցախում` անտեսելով և սահմանափակելով Արցախի բնակիչների իրավունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում