Մեկնարկել է Արցախի խորհրդարանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա

Մեկնարկել է Արցախի խորհրդարանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա

Դրոմ նահանգում ապրիլի 3-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանում Արցախի պատվիրակությանն ընդունել է քաղաքապետ Մարլեն Մուրյեն։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև առկա համագործակցությունը շարունակական է և Բուրգ լե Վալանսը մարդասիրական ոլորտում փոխգործակցության հաջողված օրինակներից է։

Մարլեն Մուրյեն կարևորել է անմիջական շփումները և ընդգծել, որ անցյալ տարվանից նրանք փորձում են համագործակցությունն ամրապնդել կոնկրետ ծրագրերով, Արցախում և մասնավորապես Շուշի քաղաքում արտադրված ապրանքների տոնավաճառ են կազմակերպել Բուրգ լե Վալանսում։

Այնուհետև պատվիրակության անդամները Վալանսի քաղաքապետարանում հանդիպել են քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ: Ֆրանսիացի քաղաքապետը ողջունել է Արցախի խորհրդարանի նախագահին և պատրաստակամություն հայտնել զարգացնելու քույր քաղաքների ձևաչափով համագործակցությունը՝ հաշվի առնելով դրանում կրթական և մշակութային փոխգործակցության գերակայությունը։

Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արցախում բարձր են գնահատում ֆրանսիական քաղաքների հետ բարեկամական կապերը և այդ հարաբերությունները արհեստականորեն քաղաքականացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա խոսքով՝ Արցախի հանրային և տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն կատարելագործելու իրենց աշխատանքների կազմակերպումը և այս համատեքստում զարգացած ժողովրդավարական երկրների ու քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորություններ են փնտրում։

Հանդիպումներին ներկա էին Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման արարողություն Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում