Ադրբեջանը թուրքական պարենային ապրանքները վտանգավոր է ճանաչել. Հայաստանը պետք է զգուշանա

Ադրբեջանը թուրքական պարենային ապրանքները վտանգավոր է ճանաչել. Հայաստանը պետք է զգուշանա

Ադրբեջանում մոտ 130 թուրքական ապրանքատեսակ է հայտնաբերվել, որոնք մարդու առողջության համար վնասակար են։

Լրագրողների հետ զրույցում պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն ասաց, որ տեղեկությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, իսկ վերահսկողությունն իրականացրել է այդ երկրի Սննդի անվտանգության գործակալությունը։

«Սա ահռելի մեծ ցուցակ է, և ստուգումները հիմնականում վերաբերում են շոկոլադին, բուսական յուղերին, թեյերին, ոչ ալկոհոլային արտադրանքներին և այլն։ Խոսքը նաև սննդային հավելումների մասին է, որոնք պարունակում են այդ մթերքները, սակայն մակնշման մեջ չկա դրանց առկայությունը։ Այդ հավելումները մարդու առողջության համար նույնպես վտանգավոր են»,- նշեց Պիպոյանը։

Նա հետաքրքիր է համարում նաև հաղորդագրության բովանդակությունը, որ Ադրբեջանի ԶԼՄ-ները տարածել էին իրենց Սննդի անվտանգության գործակալության հայտարարությունը, որը խորհուրդ էր տալիս զերծ մնալ թուրքական ապրանքների ձեռքբերումից։

«Բավականին դժվար էր հավատալ այդ հայտարարությանը՝ հաշվի առնելով իրենց հարաբերությունները, որ հենց այդ գործակալությունն է կոչ անում իր սպառողներին չօգտվել այդ ապրանքները։ Կարծում եմ, որ սա մեզ համար կարևոր մեսիջ պետք է լինի, որպեսզի մենք ևս անդրադառնանք այս խնդիրներին՝ մասնավորապես թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքների անվտանգության առումով»,- շեշտեց Պիպոյանը և հավելեց, որ ԵՄ-ում շատ հաճախ սահմանային վերահսկողության արդյունքում ճանաչվում են անվտանգության չափորոշիչներին չհամապատասխանող։

Պարենային իրավունքի փորձագետն ընդգծեց, որ վերջին տարիներին և, մասնավորապես, 2018 թվականին շուկայի միտումները փոխվել են, և թուրքական ծագման այն մթերքները, որոնք տարբեր երկրներում ճանաչվում են վտանգավոր և մարդու առողջության համար վնասակար և ոչ պիտանի՝ սննդում գործածելու համար, Հայաստանում ազատ շրջանառվում է։

«Այդ ապրանքները հիմնականում Թուրքիայից են ներկրվում, և պետք է ուշադիր ու զգոն լինենք»,- ընդգծեց Պիպոյանը։

Նրա կարծիքով՝ պետական մարմինները պետք է պարտադիր անդրադառնան այս խնդրին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում