Ադրբեջանի նախագահի՝ Երևանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարությունը շատ անառողջ հայտարարություն է. ամերիկացի փորձագետ

Ադրբեջանի նախագահի՝ Երևանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարությունը շատ անառողջ հայտարարություն է. ամերիկացի փորձագետ

Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված քննարկում:

Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քննարկմանը մասնակից փորձագետները համաձայնել են, որ մարտահրավերներից կարևորագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է:

Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչև հակամարտության վերջնական կարգավորումը Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը:

«Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը պատրվակ է դառնում ղեկավարների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու համար»,-ասել է նա:

Վերլուծաբանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելուց հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցելուն:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ այդ տարածքների վերաբերյալ դուք պետք է որոշում կայացնեք՝ արդյոք ձե՞ր շահերից է չնայած ամեն ինչին այդ տարածքները պահելը, թե՞ ժամանակն է այդ տարածքների փոխարեն Ադրբեջանից զիջումներ ստանալը»,-նշել է Յալովիցը:

Դրան հակառակ, սակայն, ապրիլյան պատերազմը կողմերին էլ ավելի հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երեւանը «վերադարձնելու» իր մտադրության վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում:

«Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որևէ տարածքներ չվերադարձնել»,– ասել է Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Ռուսաստանի դերին՝ Սթրոնսկին նշել է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հաջողության հասնել, եթե փորձի Հայաստանի վրա ճնշում գործադրել տարածքներ զիջելու համար:

«Ռուսաստանը կարևոր դեր է խաղում այստեղ, սակայն, ես չեմ հավատում, որ բոլոր խաղաթղթերը Ռուսաստանի ձեռքում են»,-ասել է նա:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյի կարծիքով, ապրիլյան պատերազմը հայ հասարակությանը ցույց տվեց, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ Ռուսաստանից որևէ աջակցություն պատերազմի դեպքում չի լինելու:

«Հայաստանում մարդիկ ակնկալում էին, որ Ռուսաստանն աջակից կլինի Հայաստանին, ավելին կանի Հայաստանը պաշտպանելու համար»,- նշել է Լանսկոյը:

Սակայն, երբ դա տեղի չունեցավ, Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները սկզբում հիասթափություն ապրեցին, այնուհետև՝ փորձեցին ավելի ամրապնդել Արևմուտքի հետ հարաբերությունները, նշում է վերլուծաբանը:

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, սակայն, բոլորովին այլ հարց է, թե որքանով է Ռուսաստանին ձեռնտու խնդրի վերջնական խաղաղ կարգավորումը, ավելացնում է Քեն Յալովիցը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում. «Հիմնական բանը, որ մենք կարող ենք անել, և, հավատացած եմ, ռուսները նույնպես կարող են անել, պատերազմական գործողությունները թույլ չտալն է»,-նշել է փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում