Փոխնախարարը «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի համար առաջարկված սակագինը ռեկորդային է համարում

Փոխնախարարը «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի համար առաջարկված սակագինը ռեկորդային է համարում

«Մասրիկ-1» 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը կոտրեց բոլոր կարծրատիպերը արևային տեխնոլոգիաների մասին, իբրև դրանք թանկ են ու ժամանակատար Հայաստանում ներդնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Հիմա փաստացի ունենք շատ էժան սակագին, որ միջին կշռույթային սակագնից ավելի մատչելի է և կարող է դրական ազդել վերջնական սպառողական սակագնի վրա, եթե կշիռը մեր արտադրության համակարգում մեծանա»,-ասաց փոխնախարարը` հիշեցնելով, որ նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի առաջարկած սակագինը 0.0419 ԱՄՆ դոլար է կամ 20.11 դրամ՝ առանց ԱԱՀ-ի: Նրա խոսքով` այն 20 տոկոսով ավելի նվազ է, քան ներկա պահին գործող փոքր ՀԷԿ-երի սակագինը, որը 23.8 դրամ է:

Փոխնախարարի վստահեցմամբ` առաջարկը ռեկորդային է, այսպիսի սակագին հնարավոր չի լինի գտնել միջազգային նմանատիպ մրցույթների դեպքում, որոնք իրականացվել են վերջին տարիներին: Հայկ Հարությունյանը նկատեց, որ ծրագրի իրագործման արդյունքում Հայաստանը մի շարք առավելություններից կօգտվի, մասնավորապես, հաղթող ընկերության առաջարկած նորարարական լուծումներից: «Առաջարկը, երբ ստացանք, տեսանք, որ մի շարք նորարարական լուծումներ են առաջարկվել, որոնք էականորեն բարձրացնում են կայանի արդյունավետությունը: Առաջարկվող տեխնիկական լուծումը մեկ առանցքում արևին հետևող համակարգն է, որը թույլ է տալիս արտադրությունը այդ նույն դրվածքային հզորությամբ մոտ քսան տոկոսով ավելացնել: Եթե մենք ի սկզբանե կանխատեսում էինք, որ 55 ՄՎտ կունենանք 90 միլիոն Կվ/ժ արտադրություն, ապա հիմա արդեն 120 միլիոն Կվ/ժ էլեկտրաէներգիա կարող ենք ակնկալել այդ նույն հզորությունից»,- նշեց պաշտոնյան` ավելացնելով, որ պետությունն էլ իր հերթին երաշխավորում է, որ ՀԷՑ-ը պարտավորված է 20 տարի շարունակ առաջարկվող սակագնով գնելու արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան:

Ինչ վերաբերում է ծրագրի կողմնակի օգուտներին, ապա հաղթող ընկերությունը 80 միլիոն դրամի ներդրում կիրականացնի համայնքում: Բացի դրանից` գույքահարկի և հողի հարկի միջոցով կապահովվի տարեկան 6 միլիոն դրամի մուտք Մեծ Մասրիկի բյուջե: Այս տարի կկնքվեն ծրագրի իրագործման համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերը, իսկ 2019-ին կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն նույն տարվա վերջում: «Շինարարության ժամանակ առնվազն 50 աշխատատեղ է ստեղծվելու, իսկ մշտական շահագործման ժամանակ՝ 20 աշխատատեղ»,-հավելեց փոխնախարար Հարությունյանը:

Ֆոտովոլտային կայանը բաղկացած է լինելու 170 հազարից ավելի արևային վահանակներից և 3 հազարից ավելի արևին հետևող 3H համակարգերից, որոնք, ըստ փոխնախարարի, Հայաստանում դեռևս չեն օգտագործվել ու դրական փորձ կլինեն հետագայում կառուցվող կայանների համար: Հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավո՞ր է «Մասրիկ-1»-ի կառուցման մեջ կիրառել հայկական արտադրության արևային վահանակներ, Հայկ Հարությունյանն ասաց` ոչ, քանի որ բավականաչափ խիստ պահանջներ են ներկայացվել, որոնց կարող են բավարարել աշխարհի առաջատար շուրջ 10 ընկերություններ: Այս ծրագրի շրջանակում հայկական արտադրության արևային վահանակներ չեն կիրառվելու: Պետք է այդ վահանակներն ունենան առնվազն 30 տարվա երաշխիք և 30 տարվանից հետո չպետք է աշխատեն ավելի քիչ, քան 82 տոկոս հզորությամբ: Նմանատիպ բարձր ստանդարտներով ու մեծ փորձով ընկերություններն աշխարհում մեկ տասնյակն են»:

«Մասրիկ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթին սկզբնական հայտ էր ներկայացրել 7 տասնյակ ընկերություն, որոնցից 20-ը դիմել էր նախաորակավորման փուլին, դրանցից անցել էր 10-ը, իսկ վերջնական մրցույթի հայտ ներկայացրել էր 5 ընկերություն: Մրցույթի պահանջն էր ամենացածր սակագնի առաջարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում