Դեպի Թալիշ ուխտագնացությունը բոլոր թալիշցիներին ևս մեկ անգամ կհամախմբի իրենց ծննդավայրում

Դեպի Թալիշ ուխտագնացությունը բոլոր թալիշցիներին ևս մեկ անգամ կհամախմբի իրենց ծննդավայրում

«Թալիշ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող «Ուխտագնացություն Թալիշ» միջոցառումը բոլորին ևս մեկ անգամ կհամախմբի Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող գյուղում:

Նրանք ուխտագնացությունը կիրականացնեն մայիսի 1-ին:

«Ուխտագնացության գաղափարը ծագել է դեռ նոյեմբերին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ցավոք, թալիշցիների մի մասն այնտեղ չէ: Վստահ եմ, որ մայիսի 1-ը բոլորին կհամախմբի Թալիշում, շատերը կգան: Պատմությունը ցույց է տվել, որ նրանք երբեք իրենց բնակավայրը չեն թողնում ամայի»,-ասաց «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն Միքայել Ապրեսյանը:

Մայիսի 1-ին կհասնեն Արցախ, ամսի 2-ին կայցելեն գերեզմանոց, այնուհետև միջոցառում կանցկացնեն Թալիշում զոհվածների հիշատակի հուշարձանի մոտ: Ապրեսյանի խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հետ զրույցում ևս հավանություն է տվել ուխտագնացության գաղափարին:

Մայսիսի մեկը պատահական չէ ընտրված: Թալիշցիների համար ավանդույթ է այդ օրը բոլորով հավաքվել իրենց ծննդավայրում: Ուխտագնացության համար նախապես լուծվել են նաև անվտանգության հետ կապված խնդիրները:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խաղափյանի խոսքով՝ գնում են ոգեկոչելու իրենց նախնիներին: «Գնում ենք ոգեկոչելու մեր նախնիներին, որոնք ապրել, գործել ու իրենց մասունքները թողել են Թալիշում: Վստահ եմ, որ կգան ինչպես մեծահասակներ, այնպես էլ երիտասարդներ»,-ասաց Խաղափյանն ու հույս հայտնեց, որ իրենց կմիանան տարբեր վայրերում ապրող թալիշցիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում