Ապրիլյան պատերազմի մասնակիցների հոգում հետք թողած ռազմական գործողությունները չեն կոտրել տղաներին

Ապրիլյան պատերազմի մասնակիցների հոգում հետք թողած ռազմական գործողությունները չեն կոտրել տղաներին

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Շուլի Հակոբյանը, Հարություն Բադալյանը և Ժորա Աֆրիկյանը, ինչպես նաև ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը վստահ են, որ այդ օրերից երկու տարի անց պաշտպանության ոլորտում մեծաթիվ փոփոխություններ են իրականացվել բանակաշինության ոլորտում։

Լրագրողների հետ զրույցում երիտասարդները ներկայացրին պատերազմից քաղած իրենց դասերը և հավաստիացրին, որ թշնամուն այսօր արդեն ավելի լավ ու ավելի արժանի հակահարված կարող են տալ ռազմական գործողությունների դեպքում։

Խոսելով ապրիլյան պատերազմի թողած հետևանքների մասին՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն ասաց, որ 2016 թվականի ապրիլ ամիսը իր վատ հետևանքները թողեց՝ հիմնականում մարդկային մեծ կորուստների առումով, բայց և հավելեց, որ ապրիլյան պատերազմը նաև մեծ դաս եղավ մեզ համար։

«Մենք դուրս եկանք այն թմբիրից, որ կար 1994 թվականից հետո։ Զինադադարային շրջանը շատ դեպքերում չէր ենթադրում, որ այդպիսի լայնամասշտաբ գործողություններ կլինեն, և մենք հաշվի չառանք, թե ինչպիսի հակառակորդ ունենք։ Ադրբեջանի գործողությունները զոհված զինծառայողների հանդեպ ցույց էր տալիս, որ մեր ազգի հանդեպ նրանք ուղղակի թշնամանք են տածում, ոչ թե միայն ռազմական խնդիր էին լուծում»,- ընդգծեց Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ հայերի համար դաս էր այն առումով, որ այսօր արդեն ավելի խորացված ձևով է անդրադարձ կատարվում բանակաշինության ոլորտին։ Ռազմական փորձագետը նշեց մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են առաջնագծում կատարված լուրջ աշխատանքներին, արդիականացման 7-ամյա ծրագրին և այլն։

«Այս երկու տարում շատ բան է փոխվել՝ սպառազինության որոշ տեսակներ թարմացվել են, մարտական դիրքերը վերազինվել։ Հավանաբար, նկատել եք, որ 2016-2018 թվականներին ադրբեջանական կողմից շատ քիչ դիվերսիոն գործողություններ են լինում, ինչ էլ եղել են, հաջողություն չեն ունեցել։ Քառօրյայից քաղած դասերից էր այն, որ բարձրացել է մեր զինվորների պաշտպանողականությունը, նրանց մեջ մարտական ոգին ավելի է ուժեղացել»,- ասաց Արթուր Եղիազարյանը։

Քառօրյա պատերազմի մասնակից, քաղաքագետ Ժորա Աֆրիկյանն այդ օրերը որակեց որպես լակմուսի թուղթ, որը բացահայտեց հայկական և՛ թույլ, և՛ ուժեղ կողմերը։

«Ապրիլյան պատերազմից երկու կարևորագույն դաս եմ քաղել՝ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ունենք ոչ ադեկվատ հակառակորդ, որը Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտության լուծումը տեսնում է միայն ուժի մեջ։ Երկրորդ դասն այն էր, որ մենք հասկացանք, որ մեր բանակաշինությունը պետք է հոսող գետի նման երբեք չդադարի և մեր ամբողջ ներուժը պետք է ուղղենք դեպի այդ ոլորտը»,- նշեց Ժորան և նույնպես վստահեցրեց, որ այս 2 տարվա ընթացքում առաջնագծում շատ աշխատանքներ են տարվել։

Նրա խոսքով՝ սպառազինության «մրցավազքից» Հայաստանը հետ չի ընկել, բանակը վերազինվել է, և եթե Ադրբեջանը նորից փորձի ռազմական գործողություններ սկսել, Պաշտպանության բանակն ու Զինված ուժերը կարող են և պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին։

«Մենք ուժեղացրել ենք հետախուզական հնարավորությունները և կարող ենք հանգիստ ասել, որ հակառակորդի ցանկացած գործողություն տեսանելիության դաշտում է գտնվում»,- շեշտեց քաղաքագետը։

Հետագա պլանների մասին խոսելով՝ նա ասաց, որ, մասնագիտությամբ դիվանագետ լինելով՝ ինքն ապագայում ցանկանում է ադրբեջանցիների դեմ կռվել նաև բանակցային սեղանի շուրջ։

Ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ այլ մասնակից՝ Հարություն Բադալյանը, խոսելով այդ օրերին ի հայտ եկած խնդիրների մասին, ընդգծեց, որ ռազմական ոլորտում խնդիրները երևում են պատերազմական իրավիճակներում։

«Պատերազմից հետո բոլոր խնդիրները սկսեցին լուծումներ ստանալ, և շեշտը դրվեց հենց հայկական բանակի թույլ կողմերի վրա։ Այժմ կարելի է ասել, որ և՛ սպառազինության, և՛ հետախուզության, և՛ կապի ոլորտներում մեր բանակը բարձր մակարդակի է հասել ու դեռ շարունակում է զարգանալ»,- ասաց Հարությունը։

Անդրադառնալով պատերազմից հետո բանակի թույլ կողմերին տրվող լուծումներին՝ պատերազմի մասնակից Շուլի Հակոբյանը, ցրեց թյուր կարծիքները, թե մինչ ապրիլյան քառօրյան ոչինչ չի արվել բանակաշինության զարգացման համար, շեշտեց, որ պատերազմից հետո դրանց ավելի մեծ ուշադրություն է դարձվում։

«Երկու տարի անց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ հասարակության մի մասն ենք, որը ապագայում գուցե և սպասվող ռազմական գործողությունների մասնիկ է դառնալու, և բոլորս էլ պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս ցանկացած արարք անդրադառնում է բոլորիս վրա։ Մենք ունենք մարտունակ բանակ, ունենք ժամանակակից սպառազինություն, ունենք բազմաթիվ տեխնիկական նորամուծություններ»,- ասաց նա և հավելեց, որ նորագույն սպառազինության ստեղծմանը զուգահեռ տվյալ զենքերի մասնագետների վերապատրաստումներ են իրականացվում։ Շուլիի խոսքով՝ միայն զենք ունենալը բավական չէ, պետք է նաև գրագետ և պատրաստված մասնագետներ ունենալ։

Ի պատասխան ընկերոջ ասածի՝ Հարությունը նշեց, որ հակառակորդը միշտ պարտվել է, քանի որ ունեցել է լավ զենք, զինամթերք, սակայն մասնագետներ երբեք էլ չի ունեցել։

«Նա ունի զենք, բայց, միևնույն ժամանակ, չունի խելամիտ զինվոր։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը միշտ պարտվողի դերում է լինելու»- նկատեց Հարություն Բադալյանը։

Վերջում Շուլի Հակոբյանն ընդգծեց, որ մենք բոլորս զինվորական ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը չի լուծել իր խաղաղության խնդիրը վերջնականորեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում