«Ես տուն գտա իմ տնից դուրս». Global FDI reports-ի հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն Հայաստանի մասին

«Ես տուն գտա իմ տնից դուրս». Global FDI reports-ի հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն Հայաստանի մասին

Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման հեղինակ, Global FDI reports գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն հմայվել է Հայաստանի զարմանահրաշ գեղեցկությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչ բացահայտումներ արեց Հայաստանի վերաբերյալ մեկամսյա այցի ընթացքում, օտարերկրյա հյուրը պատասխանեց. «Ամենակարևոր բացահայտումն այն էր, որ Հայաստանը զարմանահրաշ գեղեցկություն ունի: Ես ծնունդով Մեքսիկայից եմ, շատ մեր ընդհանրություններ եմ տեսնում մեր և ձեր միջև: Այստեղ կարելի է խոսել հյուրընկալության, ուտելիքի, ծիծաղել սիրելու և լավ ընկերակցությունը վայելելու մասին: Ես տուն գտա իմ սեփական տնից դուրս»:

Գալարդոն նկատեց` մեծ բավարարվածություն է ստացել կատարած աշխատանքից և Հայաստանից մեկնելու է կրկին վերադառնալու ակնկալիքով: Նրա խոսքով`իրեն արդեն ասել են, որ ամառները Հայաստանում հրաշալի են ու հրավիրել ծիրանի սեզոնին: «Ես մեծապես տարածել եմ ոգևորությունս իմ գործընկերների ու ընկերների շրջանում` կիսվելով Հայաստանում արված իմ նկարներով: Պատմել եմ նրանց, թե ինչ հրաշալի է, երբ քայլում ես Երևանով, ինչքան տարբեր բաներ կան այստեղ անելու, լեռներն ես բարձրանում, մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ բաներ եմ հասցրել անել»,-հավելեց Global FDI reports գործակալության հրատարակչական տնօրենը:

«Այնտեղ, ուր Արևելքը հանդիպում է Արևմուտքին» խորագրով հատուկ թողարկման մեջ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական վերլուծությանը, ներդրումային հզոր ներուժ ունեցող ոլորտներին (բանկային համակարգ, վերականգնվող էներգետիկա, տուրիզմ, արդյունաբերություն և այլն), առևտրային արտոնյալ ռեժիմներին, ՀՀ-ԱՄԷ, ինչպես նաև Ծոցի երկրների հետ հարաբերություններին: Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնող հատվածն էլ վերնագրվել է «Կովկասի Սիլիկոնային հովիտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում