Արցախի Ազգային ժողովի նախագահը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների և Սենատի անդամների հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների և Սենատի անդամների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ապրիլի 5-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների և Սենատի անդամների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Կարոլ Բյուրո-Բոնարին, Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ինչպես նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում նշել է, որ Ֆրանսիայի հետ կապերի ընդլայնումն ու զարգացումը հիմնավոր տեղ ունի Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, իսկ ֆրանսիացի խորհրդարանականների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումները թե՛ Ստեփանակերտում, թե՛ Փարիզում հնարավորություն են ոչ միայն երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկման, այլև օրենսդրական ու խորհրդարանական փորձի փոխանակման տեսանկյունից: «Այս առումով մենք կարևորում ու բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը, որը մեզ համար յուրօրինակ պատուհան է դեպի Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայի միջոցով՝ նաև դեպի Եվրոպա»,- ընդգծել է Արցախի խորհրդարանի նախագահը։

Ֆրանսիայի խորհրդարանականները հարցեր են ուղղել ԱԺ նախագահին՝ կապված տարածաշրջանի իրավիճակի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ապակենտրոնացված համագործակցությունից սպասումների, ֆրանկաֆոնիայի զարգացման հնարավորությունների և այլ թեմաներով։

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Լևոն Ամիրջանյանը։

Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում