Շինարարություն, տուրիզմ, տեքստիլ. Հայաստան-Իտալիա առևտրաշրջանառության ծավալները վկայում են շարունակական զարգացման մասին

Շինարարություն, տուրիզմ, տեքստիլ. Հայաստան-Իտալիա առևտրաշրջանառության ծավալները վկայում են շարունակական զարգացման մասին

Հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիներին ունեն զարգացման դրական դինամիկա։ Չնայած տնտեսական ճգնաժամերով պայմանավորված դրանք ժամանակավոր հետընթաց ապրեցին, բայց դրանք աճման միտում են գրանցել։ Ներկայումս երկկողմ առևտրաշրջանառության ծավալները վկայում են շարունակական զարգացման մասին։

Առևտրաշրջանառության ծավալները 2012-2014թթ. եղել են տարեկան ավելի քան 180 միլիոն դոլար, 2016թ. կազմել է 160 միլիոն 654.5 հազար ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 31 882.2 հազար, իսկ ներմուծումը՝ 128 772.3 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2017թ. առաջին 4 ամսվա տվյալներով արտահանումը կազմել է 8 239.2 հազար, իսկ ներմուծումը՝ 39 318.3 հազար ԱՄՆ դոլար, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի, համապատասխանաբար, 6 760.2 հազար և 35 196.8 հազար ԱՄՆ դոլարի դիմաց՝ գրանցելով առաջընթաց:

2017թ. հունիսի 7-ին Հռոմում անցկացվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչին հաջորդել է նաև գործարար համաժողով։

Հայաստանն Իտալիա արտահանում է հիմնականում տեքստիլ արտադրանք, իսկ ներմուծում մեքենաներ, տեքստիլ ապրանքներ, քիմիական նյութեր, կահույք և դեղագործական ապրանքներ: Իտալիայից Հայաստան ներմուծվող ապրանքների տեսականին հիմնականում հետևյալն է` հագուստ, սարքավորումներ, կոշկեղեն, սննդամթերք, կահույք: Հայաստանից Իտալիա արտահանվում է հիմնականում կաշվի հումք, մորթիներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր:

Հայ-իտալական տնտեսական համագործակցության փոխադարձ հետաքրքրության բնագավառներն են` շինարարությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեքստիլի և քիմիական արդյունաբերությունը:

Իտալական խոշոր ներդրումները Հայաստանում կատարվել են` շինարարության բնագավառում RENCO ընկերության կողմից և հագուստի արտադրության բնագավառում` LOVABLE ITALIANA ձեռնարկության կողմից:

Ռազմական համագործակցություն

Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել 2012թ. հոկտեմբերի 16-18-ը Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլոդի Պաոլոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում: Հայաստանում կայացած հանդիպումների ընթացքում նա բարձրացրել է Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) շարքում հայ խաղաղապահների ներգրավման հարցը։ Հայկական կողմը հարցի քննարկումից հետո դրական է արձագանքել այդ առաջարկին։ 2014թ. նոյեմբերի 29-ին 32 հոգանոց հայ խաղաղապահների խումբը մեկնել է Լիբանան՝ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) իտալական զորախմբի կազմում խաղաղապահ առաքելություն իրականցնելու նպատակով։ 2014թ. դեկտեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ։

2015թ. ապրիլի 8-11-ը Իտալիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ: Վերոհիշյալ այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ խաղաղապահների թվաքանակը հասցնել 60-ի:

2017թ. մարտի 15-ին ՀՀ ՊՆ-ում առաջին անգամ անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ։ Իտալական կողմից խորհրդակցություններին մասնակցել է Իտալիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորման և քաղաքականության վարչության պետի տեղակալ Ռոբերտո Քիամաչելլայի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցություններ անցկացվել են երկու հիմնական թեմաների շուրջ՝ միջազգային/տարածաշրջանային անվտանգություն և երկկողմ համագործակցություն։

Ապակենտրոնացված համագործակցություն

Իտալիայի մարզերի հետ համագործակցությունը հեռանկարային է նաև առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից, քանի որ Իտալիայի մարզերը վարում են բավական ինքնուրույն առևտրատնտեսական քաղաքականություն: 1967 թվականից Երևան և Կառարա քաղաքները հանդիսանում են քույր-քաղաքներ:

Մինչ օրս ուղիղ կապեր են հաստատվել Հայաստանի և Իտալիայի տարբեր քաղաքների, մարզերի ու նահանգների (Երևան և Տոսկանա, Գավառ և Պրիվերնո, Գյումրի և Նարդո քաղաքներ, Կոտայքի մարզ և Միլանի նահանգ, Տավուշի մարզ և Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգ) միջև:

2011թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի՝ Իտալիա կատարած այցի շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին ստորագրել են Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացը սկսելու վերաբերյալ համաձայնագիրը։ 2012թ. ապրիլի 20-24-ը և 21-24-ը Հայաստան են այցելել, համապատասխանաբար, Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիի և Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստայի գլխավորած պատվիրակությունները՝մասնակցելու «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառմանը, որի շրջանակներում, մյուս պատվիրակությունների հետ մեկտեղ, հանդիպում են ունեցել ՀՀ Նախագահի, վարչապետի, ինչպես նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանիհետ։

Էրեբունի-Երևան տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով 2013թ. հոկտեմբերի 12-ին Երևան են ժամանել Իտալիայի Կառարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիին և քաղաքային խորհրդի նախագահ Լուկա Ռագոնիին, իսկ 2014թ. հոկտեմբերին՝Պեզարոյի քաղաքային խորհրդի նախագահ Իլարո Բարբանտին։

2013թ. դեկտեմբերի 10-ին Նարդոյի քաղաքապետի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, Գյումրի և Նարդո քաղաքների միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հուշագիր։ Սկիզբ է դրվել նաև Նարդո և Աշտարակ քաղաքների միջև համագործակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում