Խաղալիքների, կոսմետիկայի, գազալցակայանների անվտանգության հարցերը խնդրահարույց են բոլոր երկրներում

Խաղալիքների, կոսմետիկայի, գազալցակայանների անվտանգության հարցերը խնդրահարույց են բոլոր երկրներում

Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի օրակարգում առաջնային է սպառողներին վտանգավոր ապրանքներից զերծ պահելու հարցերի քննարկումը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։ «Խորհրդի հիմնական խնդիրը սպառողի շահերի պաշտպանությունն է։ Յուրաքանչյուր պետություն կներկայացնի առկա խնդիրները, դրանց վերաբերյալ լուծման առաջարկություններ։ Քննարկում ենք, թե որ ապրանքներն են շրջանառվում, որոնք են համարվում ցանկալի, որոնք՝ անցանկալի, ներկայացնում ենք իրավիճակը, միասին քննարկումներ իրականացնում` հաշվի առնելով յուրաքանչյուր անդամ պետության օրենսդրական դաշտը»,-ասաց Խալիկյանը։

Պաշտոնյայի դիտարկմամբ` իրենց քննարկումները ծավալվում են խնդրահարույց ապրանքատեսակների վերահսկման ուղղությամբ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու կյանքի և առողջության վրա։ «Պոտենցիալ վտանգ պարունակող ոլորտները նույնն են գրեթե բոլոր երկրներում: Խոսքը վերաբերում է խաղալիքների, կոսմետիկայի, գազալցակայանների ոլորտներին և բոլոր այն ապրանքների որոշ տեսակներին, որոնք կարող են մարդու կյանքին վտանգ սպառնալ։ Պետք է լուծումներ առաջարկենք, որպեսզի ապահովագրվենք վտանգավոր ապրանքների ներմուծումից, ինչպես նաև հեռու մնանք դրանց արտադրությունից»,- ընդգծեց Լևոն Խալիկյանը։

Նա նշեց նաև, որ հանդիպումներում փորձում են յուրաքանչյուր երկրի օրենսդրական դաշտը կարգավորել այնպես, որ յուրաքանչյուր սպառողի փորձեն հեռու պահել վտանգավոր ապրանքներից և անորակ ծառայությունների մատուցումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում