«Իմ մուսան աշխատանքն է, երաժշտություն հորինելը». Մարտուն Իսրայելյանի հոբելյանը նշվեց գեղեցիկ համերգային ծրագրով

«Իմ մուսան աշխատանքն է, երաժշտություն հորինելը». Մարտուն Իսրայելյանի հոբելյանը նշվեց գեղեցիկ համերգային ծրագրով

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի հոբելյանական երեկոյին հնչեցին նրա լավագույն ստեղծագործությունները:

«Մարտուն Իսրայելյան-80» խորագրով համերգը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երաշժտասերներն ունկնդրեցին հոբելյարի Ջութակի և Թավջութակի կոնցերտները, երգեր՝ գրված Միսաք Մեծարենցի, Սոնա Վանի խոսքերով:

Երեկոյին հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դաշնակահարներ Արփինե և Նաիրի Իսրայելյանները, ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը և Արտաշես Մելիքյանը, թավջութակահարներ Միքայել Նավասարդյանն ու Վահե Դանիելյանը, սոպրանո Հենրիետա Հարությունովան:

Խոսելով իր ոգեշնչման աղբյուրի, մուսայի մասին՝ կոմպոզիտորն ասաց, որ իր մուսան, հավանաբար, երաժշտություն հորինելն է: «Դու պարզապես ցանկանում ես ստեղծագործել, և վերջ: Երբ մի կտոր երաժշտություն ես ստեղծում, և այն քեզ դուր է գալիս, ոտքերդ ասես կտրվում են գետնից. նման է այն զգացողությանը, երբ երեխային խաղալիք ես տալիս, և նա հրճվում է: Չեմ չափազանցում, իսկապես այդպես է: Մուսան սիրելն է, ստեղծագործել ցանկանալը: Առավոտյան շուտ եմ վեր կենում և սկսում եմ աշխատել. գրել, գրել, գրել շարունակ»,-ընդգծեց Իսրայելյանը:

Նա շեշտեց, որ եթե իր ստեղծած երաժշտությունը մեկի սրտին հասնում է, ուրեմն ինքը հաջողել է, և երաժշտությունը կայացել է:

«Այսօր ներկայացվելու են նաև գործեր, որոնք գրվել են 35 տարի առաջ: Իմ մտերիմ ընկերներից մեկն ասաց, որ, չնայած դրան, բոլոր ստեղծագործություններն էլ հիանալի են հնչում և հոգնեցուցիչ ոչ մի նոտա չկա դրանցում. դա շատ ոգևորիչ է»,-խոստովանեց կոմպոզիտորը:

Նա անկեղծորեն նշեց, որ երջանիկ է, քանի որ այս երկարուձիգ տարիների ընթացքում զբաղվել է իր սիրած գործով: «Այնքան լավ է, որ ամբողջ օրը երաժշտության մեջ ես, մի մասն ես, և քեզ խանգարողներ չկան, և լավ է, որ ստիպված չեմ եղել այլ բանով զբաղվել: Տարիներ առաջ ինձ չեն հորդորել, օրինակ, զինվոր դառնալ, չնայած այլ ոլորտներում աշխատել եմ»,- փաստեց նա:

Մարտուն Իսրայելյանը երաժշտությամբ զբաղվելը համեմատեց սիրահարվածության հետ՝ նշելով, որ երբ աղջիկը սիրում է տղային (կամ՝ հակառակը), ընդառաջ է գնում, և ոչ ոք չի կարող բացատրել այդ զգացողությունը. պարզապես երջանիկ ես:

Մարտուն Իսրայելյանը 1964 թվականին ավարտել է Լենինականի երաժշտական ուսումնարանը, 1969-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ Դասավանդել է կոնսերվատորիայում:

Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ՝ սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի, երգչախմբի, ֆլեյտայի, հոբոյի, դաշնամուրի, թավջութակի, ջութակի համար:Գրել է նաև կինոերաժշտություն «Փարաջանով. վերջին գարունը» փաստագրական ֆիլմի համար:

Նրա ստեղծագործությունները կատարվել են բազմաթիվ երկրներում՝ Արգենտինայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում