Վատիկանում հնչեց Շնիտկեի կոնցերտը՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի օրիգինալ տեքստով

Վատիկանում հնչեց Շնիտկեի կոնցերտը՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի օրիգինալ տեքստով

Վատիկանում ապրիլի 5-ի երեկոյան առաջին անգամ հնչեց կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի հանրահայտ «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտ»-ի գրաբարյան մշակումը: Ստեղծագործությունը նա գրել էր 1985 թվականին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը կարդալուց հետո: Ստեղծագործությունից մի հատված կատարել է Հովհաննես սարկավագ Ներսեսյանը` Միրզոյան քառակի նվագակցությամբ:

Միրզոյան քառյակի հիմնադիր, արտիստ Սոնա Ազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քառյակն այս տարի նշում է հիմնադրման հնգամյակը: «Մեզ համար հոբելյանական տարում, նաև այս խորհրդանշական օրը, մեր նվագակցությամբ հնչեց Շնիտկեի մշակումը, որն ընդհանրապես ռուսերեն է` նախատեսված երգչախմբի համար: Վաչե Շարաֆյանը հատուկ Միրզոյան քառյակի համար արել է համապատասխան մշակում` կապված այս կարևոր օրվա հետ: Եվ ինչպես դուք նկատեցիք, մենք վերադարձրեցինք գրաբարյան տեքստը»,-ասաց նա:

Ազարյանի խոսքով` Շնիտկեի կոնցերտը` Նարեկացու օրիգինալ տեքստով, ներկայացվել է առաջին անգամ: «Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը շարունակություն կունենա»,-հավելեց նա:

Նույն օրը Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից հանրահայտ պատկերասրահ՝ «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել էր ընթրիք՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ:

Ընթրիքը տրվեց խորհրդանշական օր, երբ Վատիկանի պարտեզներում հանդիսավորությամբ բացվեց Տիեզերական վարդապետ, սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը:

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի ելույթը.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապա՛հ,
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Վսեմաշու՛ք տեր կարդինալ Սանդրի,
Սուրբ Աթոռի, Մալթայի Ուխտի, Իտալիայի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչնե՛ր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչնե՛ր, սրբազաննե՛ր, սիրելի՛ ընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ հաճույքով նաև իմ գործընկեր Վիկտորյա Բաղդասարյանի անունից ձեզ բարի գալուստ եմ մաղթում այս երեկոյին, որի ընթացքում տոնում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի պաշտոնական բացումը վատիկանյան պարտեզներում: Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր աջակցել են անդադար ջանքերով լի մի ճանապարհի, որը մեզ հասցրել է այստեղ:
Ճանապարհը, որը հասցրել է Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցու Վարդապետի» տիտղոսին և դրան հաջորդող նախաձեռնություններին, ինչպիսին էր այսօրվա միջոցառումը, երկար էր: Այն սկսվել էր դեռ երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդի հարցումով, շարունակվել՝ շատերի անդադար աշխատանքով, ովքեր այսօր այստեղ են՝ արքեպիսկոպոս Զեքիյան, Կարդինալ Սանդրի, Կարդինալ Կոխ, Կարդինալ Ամատո: Ձեր աշխատանքի արդյունքը հասցրեց հարցումը մինչև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս, ով այն հաստատեց 2015 թվականի փետրվարին: Նույն տարվա ապրիլի 12-ին մենք Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցեցինք պատարագի, որի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեցին «Տիեզերական Եկեղեցու Վարդապետ»:

Հաճույքով եմ հիշում էկումենիկ ոգին, որը տիրում էր անմոռանալի այդ միջոցառմանը: Այն այսօր նույնպես շարունակում է սնուցել մեր հարաբերությունները: Դրա ապացույցն է այսօրվա զուսպ աղոթքը: Եվ հույս ունեմ այդ ոգին ներկա կլինի նաև ապագայում, երբ երկրորդ արձանը տեղադրվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ համաձայն Նորին Սրբություն Գարեգին 2-րդի կամքի:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահին այս ծրագիրը խթանելու՝ երկու տարի առաջ Հայաստանում խնդրանքով Պապին դիմելու՝ Սրբազան Քահանայապետին նվեր տրվող փոքր արձանի նմանօրինակ մեծ չափերով արձանը վատիկանյան պարտեզներում տեղադրելու համար: Իսկ Նորին Սրբության Ֆրանցիսկոսին խորին երախտագիտությունս եմ հայտնում՝ հիշատակելով նրան իմ աղոթքների մեջ:
Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Կարդինալ Սանդրիին, ով հնարավոր դարձրեց այս ամենը, արքեպիսկոպոս Բարսամյանին և Մոնսինյոր Բորջիային՝ ամբողջ գործընթացում մեզ հզոր ձեռք մեկնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն՝ բրոնզի միջոցով Սուրբ Գրիգոր Նարեկացուն բարդ տիեզերքին հաղորդակից դարձնելու համար: Շնորհակալությու՛ն այս արտառոց աշխատանքի համար:

Շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ջանիբեկյանին, ով միանալով ինձ, առատաձեռնորեն ֆինանսավորել է այս արձանի իրագործումը: Շնորհակալություն Միքայել Հասրաթյանին ճարտարապետական աջակցության համար, Վատիկանի կառավարչության տեխնիկական ծառայությունների գրասենյակին՝ հանձինս տնօրեն դոն Ռաֆայել Գարսիա դե լա Սերանայի, ինչպես նաև ճարտարապետ Բարբարա Բելլանոյին և ինժեներ Մարկո Բարջելլինիին ու բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ծրագրի իրականացման գործում: Հատուկ շնորհակալություն ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանին. նրա դերը առանցքային էր:

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վերջին տարիներին ձեռնամուխ է եղել մի շարք նախաձեռնությունների, որոնք տարածել են Սրբի անունը և գործը: Մի նախաձեռնություն, որ տեղ է գտել իմ սրտում՝ Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային ակադեմիայի երգչախմբի հետ համագործակցությունն էր՝ Ալֆրեդ Շնիտկեի խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը: Շնիտկեն ստեղծագործել էր Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» աշխատությունը կարդալուց հետո: Այսօր մենք լսեցինք այդ աշխատանքից մի կտոր:

Շնորհակալություն բոլորին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում