Համաշխարհային տնտեսությունը 2017թ.-ին՝ գործընթացները և զարգացումները

Համաշխարհային տնտեսությունը  2017թ.-ին՝  գործընթացները և զարգացումները

Հայաստանը համաշխարհային տնտեսության մի փոքր մասնիկ է, որի վրա գլոբալ տնտեսական զարգացումները, ինչպես նաև բոլոր խոշորագույն աշխարհատնտեսական կենտրոններում տեղի ունեցող գործընթացները այս կամ այն չափով ազդեցություն են ունենում: Տեղի ունեցող այդ զարգացումներին և երևույթներին օբյեկտիվ գնահատական տալը օգնում է ճիշտ կողմնորոշվել մեր տնտեսական հետագա քաղաքականությունը իրականացնելու համար: Մեր տնտեսությանն էլ շատ դեպքերում բնորոշ են այն տնտեսական հիմնախնդիրները, որոնք ներկա պահին բնորոշ են բազմաթիվ երկրների՝ պահանջարկի անկում, պարտքային բեռի մեծացում, ներդրումների անկում, գործազրկության բարձր մակարդակ, բնակչության եկամուտների աճի դանդաղում: Դրանք ունեն ինչպես խորքային և կառուցվածքային, այնպես էլ ընթացիկ բնույթ: Պետք է կարողանանք օգտվել նաև այն հնարավորություններից, որոնք այսօր նպաստում են համաշխարհային տնտեսության վերելքին, միաժամանակ կանխարգելենք այն վտանգները, որոնք իրենց հետ բերում է գլոբալ տնտեսությունը:

Համաշխարհային տնտեսության ընդհանուր վիճակի նկարագիրը 2017 թ.-ին

Համաշխարհային տնտեսությունը 2017թ.-ին տարբերվեց նախորդ տարվանից իր առավել մեծ տնտեսական ակտիվությամբ, որտեղ տնտեսական աճը ըստ Միջազգային Արժութային Հիմնադրամի նախնական տվյալների կազմեց մոտ 3,7%: ԱՄՆ-ն և Եվրագոտու երկրները, ինչպես նաև Հնդկաստանը և Չինաստանը գրանցեցին ոչ վատ արդյունքներ, նախնական տվյալներով ԱՄՆ-ում ՀՆԱ-ի աճը կազմեց 2,3%, Եվրագոտում՝ 2,4%, Չինաստանում՝ 6,8%, Հնդկաստանում՝ 6,7%, Ճապոնիայում՝ 1,8%, Կանադայում 3%, Ավստրալիայում՝ 2,8%, Հարավային Կորեայում՝ 3%: Մի փոքր ցածր աճ գրանցվեց Մեծ Բրիտանիայում 1,7%, ՀԱՀ-ում՝ 0,8%, Բրազիլիայում`1,1% և Ռուսաստանում՝ 1,8%: Իսկ Վենեսուելայում գրանցվել էր 18,6% անկում, նաև 741% հիպերգնաճ: Ընդհանուր առմամբ նախորդ տարի համաշխարհային տնտեսության մեջ նկատվեց դրական բեկում և վիճակը կարելի է գնահատել բավարար: Դա կարևոր է, քանի որ աճ գրանցող Եվրամիության, Չինաստանի և ԱՄՆ-ի աճը զգալիորեն նպաստում է մյուս զարգացող երկրների տնտեսություններին:

Ինչպես միշտ միջազգային շուկաները սուր էին արձագանքում քաղաքական հակամարտություններին, որոնք նախորդ տարի քիչ չէին: 2017թ.-ը կարևորվեց հատկապես ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) դրամավարկային քաղաքականության խստացմամբ, կրիպտոարժույթների փոխարժեքի զգալի բարձրացմամբ, ֆոնդային բորսաների ինդեքսների բարձր աճով, գրանցվեց հումքային ապրանքների գների աճ և զարգացող երկրների տնտեսական աճի արագացում:
Կարևորագույն իրադարձություն էր OPEC-ի և նրա կազմի մեջ չմտնող երկրների համաձայնությունը նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ: Դա բերեց 2017 թ.-ից նավթի գների աճին, իսկ դա իր հերթին նավթ արտահանող երկրների ազգային արժույթների ուժեղացմանը: Հիշեցնենք, որ 2016 թ.-ի վերջին OPEC-ը և կարտելից դուրս նավթ արդյունահանող 11 երկրներ պայմանավորվեցին 1,8 մլն. բարելով կրճատել նավթի արդյունահանման օրական ծավալները՝ համաշխարհային շուկայում նավթի առաջարկի և պահանջարկի ծավալների հավասարակշռություն ապահովելու համար, դա շարունակվելու է մինչև 2018թ.-ի վերջը:

Արտարժույթի շուկան նույնպես հանգիստ չէր: Եվրոն, ինչպես նաև չինական յուանը արժեվորվեցին ամերիկյան դոլարի նկատմամբ: Դոլարը կորցրեց իր դիրքերը նաև այլ արտարժույթների նկատմամբ, այդ թվում նաև բրիտանական ֆունտի, շվեյցարական ֆրանկի, ռուսական ռուբլու: ԱՄՆ-ի ԴՊՀ-ն 3 անգամ անդրադարձավ բազային տոկոսադրույքին, բարձրացնելով՝ այն 0,5-0,75%-ից մինչև 1,25-1,5%: Չնայած դրան դոլարի փոխարժեքը թուլանում էր: Այս տարին նույնպես սպասվում է բազային տոկոսադրույքի բարձրացում ԴՊՀ-ի կողմից: Երկար տարիներ ԴՊՀ-ն և տարբեր երկրների կենտրոնական (ազգային) բանկերը իրենց տոկոսադրույքները պահում էին ցածր մակարդակի վրա, դա էլ իր հերթին ազդում էր գլոբալ ֆինանսական և տնտեսական միտումների վրա: Դրա արդյունքում համաշխարհային տնտեսության մեջ հայտնվեցին ավելի շատ փողեր, որոնց փոխարժեքները թեև նվազում էին, սակայն այս քաղաքականությունը օգնեց այդ պետություններին որոշակիորեն ակտիվացնել իրենց տնտեսությունները և խուսափել տնտեսական խիստ անկումից: Հիմա ազգային արժույթների բազային տոկոսադրույքների բարձրացման միտումները մի շարք երկրների ԿԲ-երի կողմից նշանակում է էժան փողերի դարաշրջանի ավարտը, որը ոչ միայն մեծ ազդեցություն կունենա ԱՄՆ-ի և այդ երկրների, այլ նաև համաշխարհային տնտեսության վրա:

ԱՄՆ-ի տնտեսությունից ավելի արագ աճում են իր մրցակից կենտրոնները: Անսպասելի արագ տնտեսական աճ տեղի ունեցավ Եվրոպայում և Ասիայում: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 120 երկրներում նկատվեց տնտեսական աճ, դա ամենամեծ սինխրոնիզացված աճն էր, որ նկատվեց 2010թ.-ից հետո (World Economic Outlook Update, January 2018): Մի շարք երկրներում նկատվեց նաև զբաղվածության աճ: Սակայն աշխատավարձի բարձրացման տեմպերը մնացին ցածր: Միջազգային առևտրի տեմպերը ավելի արագ աճեցին, քան ՀՆԱ-ի աճի տեմպն էր: Ներդրումները նույնպես աճ գրանցեցին, որոնք 2016թ.-ին թուլացել էին էներգետիկ սեկտորում թույլ ներդրումների պատճառով: Գնաճը չափավոր էր և վերահսկելի: Չնայած քաղաքական անկայունությանը, համաշխարհային ֆոնդային բորսաները նույնպես գրանցեցին բարձր աճ: Հատկապես ամերիկյան տնտեսությունը աչքի ընկավ բորսաներում աճի միտումներով՝ S&P 500, Dow Jones և Nasdaq Composite-ի ինդեքսները հասան իրենց առավելագույն սահմաններին երկնիշ աճով: Nikkei 225, DAX 30, FTSE 100, Hang Seng-ը նույնպես ոչ պակաս տեմպերով աճ գրանցեցին: Աճեցին նաև անշարժ գույքի գները:
Ցածր մակարդակի վրա շարունակվեց մնալ ինվեստորների կողմից հետաքրքրությունը ոսկու նկատմամբ, թեև որոշակիորեն աճեց հետաքրքրությունը ոսկու նկատմամբ մի քանի երկրների կենտրոնական բանկերի կողմից: Ոսկու գնման առաջատարները հանդիսացան Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքիայի կենտրոնական բանկերը: Այնուամենայնիվ 2017 թ.-ի ընթացքում ոսկու գները փոքր աճ գրանցեցին: 2017թ.-ին բարձր աճ գրանցեցին բորսայական արդյունաբերական մետաղների գները (պղինձ, ցինկ, նիկել, ալյումին և այլն): Զգալի աճեցին նաև սև մետաղների գները (http://metallicheckiy-portal.ru/index-cen-lme):

Շարունակում էր մեծանալ Չինաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությունը: Եթե տարվա սկզբում տնտեսական աճի տեմպերը ցածր էին, ապա տարին Չինաստանը փակեց բարձր աճով: Չինաստանը աստիճանաբար դառնում է համաշխարհային տնտեսության հիմնական արտադրողը, իսկ մոտակա մի քանի տարիների ընթացքում այն կարող է դառնալ աշխարհի ամենամեծ ներմուծում ունեցող երկիրը, առաջ անցնելով ԱՄՆ-ից: Դա դրական կերպով կազդի համաշխարհային տնտեսության վրա, քանի որ լուրջ խնդիր է մնում դեռևս գլոբալ տնտեսության ցածր պահանջարկը: Շարունակվում է Չինաստանի տնտեսության անցումը ներդրումային մոդելի տնտեսության և արտահանման ուղղված տնտեսությունից դեպի ներքին պահանջարկի և ծառայությունների խթանմանը: Միջազգային տնտեսական հանրության ուշադրության կենտրոնում է եղել չինական պարտքի արագ ավելացումը, որի աճի տեմպերը գերազանցում էին այդ երկրի ՀՆԱ-ի աճի տեմպերին՝ դա կարող է ֆինանսական ցնցումների պատճառ դառնալ, որը շատ ռիսկային է: Չինաստանի ղեկավարությունը որոշել է թուլացնել տնտեսության վրա հսկողությունը: Չինաստանը հանել է օտարերկրյա ներդրումների սահմանափակումները իր տարածքում, որն աննախադեպ քայլ էր, քանի որ ներդրումների գրավչությունը նվազել էր ներքին շուկայի ուժեղ կանոնակարգման պատճառով:

Միջազգային ֆինանսական շուկաների համար առավել դինամիկ և հետաքրքրական եղավ կրիպտոարժույթների սեկտորը, հատկապես կապված բիտքոյնի հետ: 2017 թ.-ի ընթացքում այդ թվային արժույթը թանկացավ տասնյակ անգամ, դեկտեմբերին հասնելով առավելագույն 19,6 հազար դոլարի: Կրիպտոարժույթների կարգավորման բացակայությունը և աննախադեպ աճը իր վրա ձգեց սպեկուլյանտների ուշադրությունը, որն էլ իր հերթին հրապուրեց սովորական ինվեստորներին, որոնք ներդրումներ արեցին կրիպտոարժույթների վրա: Եթե Չինաստանը արգելեց դրանցով գործարքները և կրիպտոարժույթով զբաղված բորսաների գործունեությունը, ապա Ճապոնիան այն որպես պաշտոնական վճարման միջոց ընդունեց: Միաժամանակ բիտքոյնը կտրուկ անկում գրանցեց՝ դեկտեմբերին մեկ շաբաթվա ընթացքում 24%-ով, ապա նորից մի փոքր արժեվորվեց: Այս տարվա հունվարին նորից բիտքոյնը հասցրեց կտրուկ արժեզրկվել՝ հասնելով 10 հազար դոլարի սահմանագծին:

ԵՄ-ում և ԱՄՆ-ում տնտեսական ակտիվությունը, ինչպես 2017 թ.-ին, այնպես էլ 2018թ.-ին բարձր կլինի, մոտավորապես 2-3% սահմաններում: Պահպանել աճի բարձր տեմպերը, տեխնոլոգիական առաջընթացի օգուտներից ակտիվ օգտվել, սա Եվրամիության խնդիրն է ընթացիկ տարում: Տնտեսապես զարգացած երկրները նպատակ են դնում 2%-ի սահմաններում պահպահել գնաճը:

Շատ երկրներ հակվում են ներքին շուկաների պահանջարկի խթանմանը: Առավել բարձր տնտեսական աճ կլինի Ասիայի զարգացած երկրներում, որոնք առավել զգայուն են միջազգային առևտրի և գլոբալ ներդրումների նկատմամբ: Առավել կատիվանա տնտեսությունը Լատինական Ամերիկայում, դա բացատրվում է Մեքսիկայում վիճակի բարելավմամբ, որն էլ պայմանավորված է ԱՄՆ-ի տնտեսական ակտիվացմամբ, Բրազիլիայի հնարավոր վերելքով, բորսայական ապրանքների գների աճով: Սակայն Վենեսուելայում տնտեսության վիճակը ավելի կվատանա, քաղաքական անկայունության պատճառով: Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Պակիստանում տնտեսական աճի տեմպերը կարագանան մոտակա երկու տարիների ընթացքում: Նավթի գների այս մակարդակը կնպաստի հումք արտահանող երկրների ներքին պահանջարկի ավելացմանը, այդ թվում նաև Սաուդյան Արաբիայում: Աֆրիկյան մի շարք երկրներում քաղաքական անկայությունը զսպում է ներդրումների աճին: ԱՊՀ-ում տնտեսական աճը 2% կգերազանցի, դա էլ պայմանավորված է Ռուսաստանում աճի հանգամանքով (World Economic Outlook Update, January 2018):

Գլոբալ ռիսկերից են՝ Եվրոպայում բանկային համակարգի թուլությունը, Չինաստանի ներքին պարտքի ծավալների աճը, ԱՄՆ-ի մաքսատուրքերի կոշտացման քաղաքականությունը, ԱՄՆ-ում կոշտ ֆինանսական կառավարման անցումը: ԵՄ-ից դուրս գալուն հակված պոպուլիստական ուժերը ուժեղանում են, հատկապես Ֆրանսիայում և Իտալիայում, այսինքն ԵՄ-ի ապաինտեգրացման ուժերի հաղթարշավը նույնպես ռիսկեր են գլոբալ տնտեսության համար: Թրամփի մտադրությունները սահմանափակել ԱՄՆ ներմուծվող ապրանքները մաքսային քվոտաների միջոցով, ֆինանսական շուկաներում անհանգստություն է առաջացնում: Անհանգստություն է առաջացնում նաև վարկավորման պայմանների խստացումը, որը կփոխարինի մեղմ վարկավորմանը:

2018թ.-ին վերլուծաբանները կանխատեսում են համաշխարհային տնտեսության դրական դինամիկա: Լարվածությունը Մերձավոր Արևելքում, մի գուցե նաև Հյուսիսային Կորեայի շուրջը՝ կպահպանվի: Աֆղանստանը և Ուկրաինան նույնպես լարվածության օջախներ են: Կենտրոնական բանկերի քաղաքականությունը կմնա համաշխարհային տնտեսության վրա ազդեցության կարևոր գործոն: Ռիսկերից են բազմաթիվ երկրներում պահանջարկի անկումը և պետական պարտքի աճը: Պրոտեկցիոնիզմի աճի վտանգ կա նույնպես, որը վնասում է միջազգային առևտրին, ինչն էլ ռիսկեր է ստեղծում գլոբալ արտադրության աճի համար:

Համաշխարհային խոշոր կենտրոններում տնտեսական զարգացումները

Միացյալ Նահանգներ: Չնայած տնտեսական ակտիվությանը, երկարաժամկետ կտրվածքով ամերիկյան տնտեսությունը լուրջ ռիսկեր է պարունակում: Փոթորիկները, որոնք մեծ վնասներ հասցրեցին տնտեսությանը, մեծ չափով չազդեց տնտեսական ցուցանիշների վրա: Ցածր է գործազրկության մակարդակը, որը կազմել է 4,1%: 2018 թ.-ին տնտեսական աճը կանխատեսվում է, որ կկազմի 2-3% սահմաններում (The Economist: В 2018 году экономика США может “перегреться”): Գնաճը նպատակային նիշից ցածր է, այս տարի էլ ցածր կմնա: Սակայն, Դաշնային պահուստային համակարգը տնտեսության կտրուկ ակտիվացման և բարձր գնաճի դեպքում հնարավոր է, որ կբարձրացնի տոկոսադրույքները: Հեռանկարները հուսադրող են, որին կօգնեն հանրապետականների հարկային բարեփոխումները և բյուջետային խթանումները, որոնք կնպաստեն ԱՄՆ-ի տնտեսական աճին: Դա կխթանի ներքին պահանջարկի աճին:

Ըստ USdebtclock.org -ի Միացյալ Նահանգները ամենամեծ պարտատուն է՝ 21,1 տրիլիոն դոլար է ներկայումս պետական պարտքը կազմում, որը գերազանցում է ՀՆԱ-ի ցուցանիշը (19,8 տրիլիոն դոլար): Սակայն հաշվի առնելով ֆինանսական, ոչ ֆինանսական և տնային տնտեսությունների համախառն պարտքը, ապա այն գերազանցում է 70 տրիլիոն դոլարը: Իսկ 2011 թ.-ի գնահատականներով, սոցիալական պարտավորությունների պարտքը կազմում է 112 տրիլիոն դոլար, այդ բոլորը միասին գերազանցում է 182 տրիլիոն դոլար: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ամբողջ ակտիվները կազմում են 134,6 տրիլիոն դոլար: Այսինքն ԱՄՆ վաղուց տնտեսական կամ արդյունաբերական երկիր չէ, այլ ֆինանսական (տես՝ Об экономике США. Наконец-то мы услышали, что “король – голый): Սա Միացյալ Նահանգների տնտեսության ամենամեծ խնդիրն է, որը նաև գլոբալ նշանակություն ունի:
Դոլարի փոխարժեքի փոփոխությունը գործոններից մեկն է, որն ազդում է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի առևտրի վրա: Թրամփից առաջ նախկին կառավարությունը Օբամայի ղեկավարությամբ, որդեգրել էր դոլարի ուժեղացման քաղաքականություն: Սակայն Թրամփի վարչակազմի նպատակն է թուլացնել դոլարը, բայց դա բավարար չէ տնտեսության կայուն աճի համար: Թրամփը մի անգամ չէ, որ բողոքել է դոլարի բարձր փոխարժեքից, որի պատճառով առևտրի պակասորդը կազմել է 500 մլրդ. դոլար 2017 թ.-ին, քանի որ ամերիկյան արտահանումը թանկ է նստում արտասահմանյան գնորդների համար: Սակայն 2017 թ.-ին դոլարի թուլացումը քիչ է ազդել առևտրի դեֆիցիտի մեղմացման վրա:

Թրամփը սպառնում էր ԵՄ-ից, Չինաստանից, Հնդկաստանից ներմուծման ապրանքների դեմ սահմանափակող տարիֆներ կիրառել, ինչպես նաև ընտրովի դեֆոլտի ենթարկել Չինաստանի 1 տրիլիոն դոլարի չափով ամերիկյան պարտավորությունները: Սակայն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է բեկանել ԱՄՆ-ի կողմից տարիֆների սահմանափակումը: Եթե Թրամփին հաջողվի Չինաստանին համոզել բացել սահմանները ամերիկյան արտահանման դիմաց, ապա դա ԱՄՆ-ի մեծ հաջողությունը կլինի: Չի բացառվում ԱՄՆ միակողմանի դուրս գալը բազմաթիվ առևտրային համաձայնություններից:

2018թ.-ի ռիսկերից է Թրամփի քաղաքականությունը, որն իրականացնում է կոշտ պրոտեկցիոնիզմի և առևտրային արգելքների խստացման քաղաքականությունը, որը հարվածելու է այլ երկրների արտահանմանը դեպի ԱՄՆ:

Չինաստան: 2018թ.-ին տնտեսական աճը կայուն մակարդակի վրա կլինի: 2017թ.-ի տնտեսական աճը տեղի է ունենում ԱՄՆ և ԵՄ-ի տնտեսության աճի ֆոնի վրա: Չինաստանը իսկապես զարգանում է՝ աճ է գրանցել մարդկային զարգացման ներուժի ցուցիչով՝ 0,738 միավոր և ըստ շնչին ընկնող նոմինալ ՀՆԱ-ով, որը կազմել է 8,1 հազար դոլար, այս ցուցանիշներով արդեն հասնում է միջազգային ցուցիչներում միջին դասի ցուցանիշներին:

Ներմուծումը նախորդ տարվա համեմատ աճել է 15,6% -ով, իսկ արտահանումը՝ 10,3%-ով, իսկ արտահանման ծավալները բարձր են ներմուծումից և առկա է դրական առևտրային հաշվեկշիռ: Գնաճը ցածր է 1,8%, ցածր է նաև պաշտոնական գործազրկության մակարդակը՝ 3,9%: Հիմնական հիմնախնդիրը մնում է տնտեսության բարեփոխումը՝ տնտեսության կառուցվածքը օպտիմալացվում է: Ներքին շուկան ունի հսկայական ներուժ, կառավարությունը բարելավում է ներդրումային միջավայրը: Ներդրումների և արտահանման վրա հիմնված մոդելը թեև աշխատում է, բայց ավելի ու ավելի վատ է աշխատում և տնտեսական աճ դժվար է ապահովում: Ներքին պարտքային ճնշումը աճում է և ռիսկային է ըստ ռեյտինգային գործակալությունների: Սպասվում է խոշոր ֆիրմաների պարտքային պարտավորությունների ճնշման թուլացում, ինչպես նաև պետական ընկերությունների ուժեղացում և փոքր և միջին ինովացիոն արտադրությունների ընդլայնում:

Սպառումը 2014թ.-ից ստագնացիա է ապրում Չինաստանում: Խնդիրներից է գերարտադրությունը: Լուծումը առաջարկի բարեփոխումն է, որը նշանակում է ավելցուկային արտադրությունների փակում՝ հատկապես ածխի, պողպատի ճյուղերում: Թեև իշխանությունները փորձում են ազատվել ավելցուկային և բնապահպանական առումով «կեղտոտ» արտադրական հզորություններից և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտման ծավալները, սակայն աճի բարձր տեմպեր ապահովում են հենց «աղտոտող» ճյուղերը, այդ թվում մետալուրգիական, քիմիական: Չինաստանը կուտակել է ոչ միայն ֆինանսական, մարդկային կապիտալ, այլ նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրներ: Ինչպես հաջողությունները, այնպես էլ հիմնախնդիրները մասշտաբներով ահռելի են: Գյուղատնտեսական հողերի 20%-ը և ստորգետնյա ջրերի 80%-ը աղտոտված են և անպիտան օգտագործման համար: Բնակչությունը ծերանում է, իսկ սոցիալական անհավասարության առումով սոցիալիստական Չինաստանը գերազանցել է կապիտալիստական երկրներին այդ ցուցանիշով (տես՝ Век с препятствиями, Что нужно преодолеть Китаю для достижения «первой столетней цели», https://www.kommersant.ru/doc/3434430):

Չինովնիկների դիմադրությունը և նախկին համակարգի իներցիան դանդաղեցնում են ռեֆորմները: Ցածր պահանջարկը պայմանավորված է տնային տնտեսությունների ցածր եկամուտներով: Կարևոր հիմնախնդիր է ներքին պարտքը, քանի որ համաշխարհային ճգնաժամից հետո կառավարությունը մոտ 568 մլրդ. դոլարին համարժեք յուան է վարկ տվել տեղական իշխանություններին, որը թույլ տվեց տնտեսական աճի տեմպերը պահպանել, սակայն ձևավորվել են հսկայական ծավալի «վատ պարտքեր», քանի որ չինովնիկները մտածում էին ինչպես պարզապես ծախսել այդ վարկերը, արդյունավետ գործարաններ կառուցելու փոխարեն և արդյունքում «վատ պարտքերի» բուրգը աճեց: Զգալի ռեսուրսները ուղղվում էին վնասաբեր նախագծերի վրա: Տարածաշրջանների ղեկավարները շարունակում են պողպատագործական գործարաններ կառուցել, որն արդեն անիմաստ է, անբնակ թաղամասեր են կառուցում, 10 գոտիանոց մայրուղիներ են կառուցում, որոնք դատարկ են մնում, որպեսզի տնտեսական աճի ցուցանիշներ ներկայացնեն: Ներկայումս բազմաթիվ ներդրումներ կարծես թե վերածվում են ավելորդ ծախսերի:

Առանց մասշտաբային վերակազմավորման, պարտքերի դուրս գրման կամ վարկավորման վերափոխման տնտեսական կայունության հնարավոր չէ հասնել: Աճող պարտքերը և բազմաթիվ ֆինանսական փուչիկները՝ ինչպես օրինակ անշարժ գույքի շուկան դարձել են լուրջ խնդիրներ Չինաստանի իշխանության համար: Չինական պարտքի հիմնախնդիրը բարդ է և խճճված, դրա լուծումը հարվածում է որոշ ազդեցիկ շերտերին: Եթե պարտքի խնդրի լուծումը տնային տնտեսությունների հաշվին պետք է անել, ապա հենց տնային տնտեսություններն են ապահովում սպառման աճը: Իսկ դա դնել փոքր և միջին բիզնեսի վրա նույնպես դժվար է, քանի որ հենց այդ սեկտորն էլ ապահովում է իրական աճը տնտեսության մեջ: Արտասահմանյան ընկերությունների վրա դնելը իմաստ չունի, դրանց քանակը այնքան էլ շատ չէ: Մնում է պետական սեկտորը, որը ներառում է կենտրոնական և տարածաշրջանային նշանակության ձեռնարկություններին, սակայն դրանց կողմից դիմադրությունը ուժեղ կլինի:

Սոցիալական խնդիրները շուտով կսրվեն, քանի որ զանգվածային կրճատումներ են ընթանում արդյունաբերության ոլորտում, զբաղվածների թիվը կրճատվում է, բարձր տարիք ունեցող բնակչության թիվը աճում է: Սոցիալական ապահովության նոր համակարգ են փորձում Չինաստանում ստեղծել, քանի որ այդ նպատակների համար քիչ է ծախսվում: Եթե առաջ 4-5 աշխատողին բաժին էր ընկնում մեկ թոշակառու, հիմա 2,3 աշխատողին մեկ թոշակառու: Ապագայում ավելի է կրճատվելու: Սոցիալական անհավասարությունը կարող է բերել տհաճ հիմնախնդիրների: Ավելցուկային աշխատուժը կարող է քաղաքական անկայության պատճառ դառնալ:

Տնտեսական բուռն աճի ժամանակ, էկոլոգիայի վրա ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում, սակայն հիմա կուտակված խնդիրները խոչընդոտում են տնտեսական աճին: Չինաստանը պատասխանատու է աշխարհում վնասակար աղտոտումների 27%-ի համար: Բոլոր խոշոր քաղաքներում օդի աղտոտվածությունը բարձր է: Անապատացումը արագորեն ընդլայնվում է գյուղանտնտեսական հողերի հաշվին: Բնապահպանական ծախսերը որոշ գնահատումների համաձայն կազմում են ՀՆԱ-ի 6%-ը: Չինաստանը հիմա ընտրություն է կատարում՝ տնտեսության կամ էկոլոգիայի միջև: Օրենքները խիստ են աղտովածության դեմ և նույնիսկ առաջադիմական: Ներկայումս շատ խիստ բնապահպանական օրենքները և խիստ ուշադրությունը փոքրացնում են շահույթները արդյունաբերական ձեռնարկություններում: 2016թ.-ին իշխանությունների կողմից որոշում ընդունվեց կրճատել արտանետումները: Դա ենթադրում է ոչ միայն արգելող միջոցառումներ, այլ նաև «կանաչ էկոնոմիկայի» տնտեսական խթաններ: Իշխանությունները վստահ են տնտեսական զարգացման մոդելի հիման վրա լուծել այդ խնդիրները՝ կեղտոտ արտադրությունները Չինաստանի սահմանից դուրս տեղափոխելով, թվային տնտեսություն և ծառայությունների էկոնոմիկայի անցում:

Հաջորդ հիմնախնդիրը պետական կառավարման բարեփոխումներն են՝ կենտրոնի և տարածաշրջանի ղեկավարների փոխհարաբերությունները կարգավորելը, քանի որ վերջիններս հաճախ բոյկոտում են կենտրոնի հրահանգները: Հաճախ կենտրոնի հրահանգները կորչում են ահռելի բյուրոկրատական-կոռումպացված ապարատում: Ցածր աշխատավարձը փոխհատուցում են պետական միջոցների հափշտակումների միջոցով:
Չինաստանը կամաց-կամաց հրաժարվելու է դոլարից միջազգային հաշվարկներում: Չինաստանը կպահպանի յուանի ուժեղացման կուրսը, միջազգային առևտրում գործարքների ծավալը շատացնելով գործընկերների հետ և խստացնելով հսկողությունը ազգային արժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ: Դրանով ամերիկյան դոլարը նույնպես մեծ վտանգի առջև է կանգնած:

Չինաստանում ռազմավարական խնդիր է դրված կատարելագործել կրթության և առողջապահության որակը և սպասարկման ենթակառուցվածքները բարելավել:

Կարևորագույն հիմնախնդիր է դառնում մնում ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների նկատմամբ նոր սահմանափակումները, որի արդյունքում Չինաստանը հարյուրավոր միլիոն դոլարի վնասներ է կրելու: Չինական կողմի պատասխան քայլերը նույնպես ռիսկեր են ստեղծում գլոբալ տնտեսության համար:

Ճապոնիայի տնտեսությունը զարմացրեց բոլորին նախորդ տարի: Այն կարելի է բնութագրել որպես բարելավում: 7 եռամսյակ անընդհատ ճապոնական տնտեսությունը աճ ցույց տվեց, իսկ նախորդ տարվա վերջին 16 տարիների ամենաբարձր աճն է ցույց տվել (տես՝ Экономика Японии удивила всех, http://expert.ru/2017/11/15/ekonomika-yaponii-ustanovila-rekord-veka/): Բանկային տոկոսադրույքը կազմում է -0,1%: 5 եռամսյակ շարունակ գործարար ակտիվության ինդեքսը խոշոր, միջին ու փոքր ձեռնարկություների համար աճում է, սա ցույց է տալիս, որ տնտեսության կոնյուկտուրայի բարելավումը տարածվում է խոշոր, փոքր և միջին ձեռնարկությունների վրա: Սպառողական գների ինդեքսը նույնպես աճում է, այն 0,64 % է կազմել 2017 թ.-ին, 2016 թ.-ի 0,5% -ի համեմատ: Գործազրկության մակարդակը մնում է 2,8% սահմաններում: Չինաստանի տնտեսությունը և ԱՄՆ-ի տնտեսական վիճակը նույնպես ազդում են ճապոնական տնտեսության վրա: Թեև պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 250%, սակայն այն վտանգավոր չէ ճապոնական տնտեսության համար, քանի որ հիմնականում դա ներքին պարտք է, այսինքն ճապոնական խոշոր կորպորացիաների պարտքն է պետությանը:

Ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, ինչպես նաև 2014 թ.-ի հարկերի բարձրացումից հետո, 2016 թ.-ից ճապոնական տնտեսությունը կայուն աճ է ցույց տալիս: Ամեն եռամսյակ այն աճում է 0,9-2,6%-ով: Ենթադրվում է, որ աճը տեղի է ունենում խոշոր ընկերությունների կոորպորատիվ ներդրումների աճի արդյունքում: Տնտեսական աճի լոկոմոտիվը դարձավ նաև արտահանման՝ ճապոնական ապրանքների նկատմամբ աճում է վստահությունը: 2012 թ.-ին իշխանության եկած Սինձո Աբէն փորձում է դադարեցնել ճապոնական տնտեսության երկարատև դանդաղ զարգացումը և դեֆլյացիան (գնանկումը): Դա փորձում է անել աշխատավարձի աճով, սպառման խթանմամբ և գնաճի տեմպերի բարձրացմամբ: Թույլ իենը և ուժեղացող տնտեսությունը թույլ տվեցին ճապոնական կորպորացիաներին ավելացնել իրենց շահույթները Չինաստանում և ԱՄՆ-ում: Դա ակնհայտ էր հատկապես բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված ընկերությունների համար: Ճապոնական իենը թանկանում էր մինչև 2016 թ.-ի աշունը, որից հետո այն սկսեց թուլանալ:

Ֆոնդային բորսաներում ինդեքսները վերջին 25 տարում աշխարհի երրորդ տնտեսություն ունեցող երկրում հասան բարձր մակարդակի: Իսկ գնաճը դեռևս ցածր է 2%-ից, որը ԿԲ-ի սահմանված թիրախային մակարդակն է, դա իհարկե ավելի լավ է՝ քան տասնամյակներ տևող դեֆլյացիան: Զբաղվածության և աշխատավարձի աճը պետք է մեծացնեն ներքին սպառումը, սակայն միջին աշխատավարձի աճ դեռևս չի նկատվում, դա էլ ստիպում է շատ ճապոնացիների գնումների չշտապել, դա էլ ազդում է սպառման վրա: Աբէն կոչով դիմեց ընկերություններին բարձրացնել աշխատավարձը 3%-ով, որպիսի նպաստեն սպառման աճին: Մինչև 2019 թ.-ի վերջը նախատեսվում է վաճառքից հարկերը աստիճանաբար ավելացնել 8-ից մինչև 10%, որպիսզի հսկողության տակ պահի բյուջեի դեֆիցիտի աճը:

Աբէի կառավարությունը նախատեսում է ավելի խորը կառուցվածքային հիմնախնդիրների լուծում: Մասնավորապես ժողովրդագրական ճգնաժամը, քանի որ բնակչությունը նվազում է և ծերանում, որն ուժեղացնում է աշխատուժի պակասորդը: Դրա համար նախատեսվում է իրականացնել անվճար մինչդպրոցական կրթություն բոլորի համար և բարձրագույն կրթություն ցածր վճարունակություն ունեցող ուսանողների համար: Ճապոնիայի տնտեսությունը այս տարի կընդլայնվի զբոսաշրջիկների աճի շնորհիվ և ներքին պահանջարկի աճի հաշվին:

Եվրամիություն: Եվրամիության և Եվրագոտու երկրները անսպասելի բարձր արդյունք ցույց տվեցին, որը բարձր էր ԱՄՆ-ի և Ճապոնիայի ցուցանիշներից: Այս տարի էլ դրական իներցիան կշարունակվի: Ըստ Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության, ինչպես Եվրագոտու 19 երկրներում, այնպես էլ Եվրամիության 28 երկրներում ՀՆԱ-ի ընդհանուր ցուցանիշները 2017 թ.-ին համապատասխանաբար 2,7% և 2,6%-ով աճել են: Սա 2007 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: 2018 թ.-ի առաջին ամսվա տվյալներով նույնպես տնտեսական և ֆինանսական ցուցանիշները թափ են հավաքում: Ընդ որում, նախորդ տարի Իսպանիայի տնտեսությունը աճել է 3,1%-ով, Գերմանիայինը` 2,5%-ով, Ֆրանսիայինը`1,8%-ով: Գործազրկությունը Եվրագոտում կազմել է 8,7%: ԵՄ-ի շուկան ավելի շատ ներդրումներ է ներգրավել, քան մյուս շուկաները: Մոտ 424 մլրդ. եվրոյի ուղղակի ներդրումներ են հոսել ԵՄ երկրներ: Դա նպաստեց աշխատանքի արտադրողականության աճին, մրցունակության ուժեղացմանը և արդյունավետության բարձրացմանը: Աճում է նաև ներքին պահանջարկը և արտահանումը: Բրյուսելի արտաքին առևտրի քաղաքականությունը նպաստում է առևտրային արգելքների վերացմանը կամ պարզեցմանը բազմաթիվ երկրների հետ՝ ազատ առևտրի համաձայնագրեր կնքելով: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները նույնպես հաջողություններ են գրանցում, օրինակ Էստոնիան թվային տեխնոլոգիաների, Լեհաստանը IT, Սլովակիան, Ռումինիան և Չեխիան մեքենաների արտադրության ոլորտներում: Ավելի շատ են այս երկրները R&D հատկացումներ անում, իսկ ներդրումները տեխնոլոգիաների ոլորտում կազմել է 11,7 մլրդ. դոլար: Եթե նախկինում Ռումինիան հետնամասում էր իր կոռուպցիայի և աղքատության պատճառով, մարդու իրավունքների վատ վիճակի, աշխատանքային միգրացիայի ծավալներով, ապա հիմա տնտեսական աճի տեմպերով առաջին տեղում է՝ 8,8% աճով, որտեղ միջինը ԵՄ-ը 2,6% է: Աշխատավարձը Ռումինիայում 4 տարվա մեջ կրկնապատկվել է, թեև միջին եվրոպականից այն ցածր է, առաջ է միայն Բուլղարիայից: Աճում նաև Սլովենիայի և Չեխիայի տնտեսությունները: Իսկ ահա եվրոյով եկամուտները Իտալիայում նվազում են, տնտեսական աճը կազմել է 1,6%, արտաքին պարտքը աճում է, որը կազմում է ՀՆԱ-ի 140%-ը, տնտեսական հեռանկարները մռայլ են:

Կարելի է ասել, ԵՄ դարձել է միջազգային առևտրի լոկոմոտիվը, բեկում կատարվեց թույլ տնտեսական աճից դեպի բուռն աճ (ըստ եվրոպական չափանիշների): Աննախադեպ խթանող ծրագրերը ԿԲ-ի կողմից դրական արդյունք տվեցին: Դրական կանխատեսումներ են արվում այս տարվա համար:

ԵՄ ուժեղ և հեռանկարային խաղացող է, իսկ մարտահրավերներից են՝ Բրյուսելի հսկողության բացակայությունը անդամ պետությունների բյուջետային միջոցների վրա, բնակչության ժողովրդագրական խնդիրները: Խնդիրներից են սանկցիաները Ռուսաստանի դեմ, քանի որ սանկցիաները ոչ միայն Ռուսաստանի դեմ են, այլ նաև Եվրամիությանը թուլացնելու նպատակ ունեն: Վաշինգտոնի պրոտեկցիոնիզմի հնարավոր քաղաքականությունը առևտրային պակասորդի կրճատման նպատակով, նույնպես կարող է վնաս տալ ԵՄ-ին: Արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը մեծացել է՝ 2017 թ.-ին կազմելով 386,1 մլրդ. եվրո: Դա արժանացել է Թրամփի քննադատությանը, որը մեղադրում է ԵՄ կառույցներին, ավելի շուտ եվրոպական արտահանողներին անարդարության մեջ և սպառնում է համապատասխան քայլեր կատարել:

Խնդիրներից են՝ բնակչության ծերացումը, գործազրկության բարձր մակարդակը՝ յուրաքանչյուր հինգերորդը աշխատանք չունի, իսկ դա բացասական է ազդում ոչ միայն տնտեսական աճի, այլ նաև քաղաքական կայունության վրա: ԵՄ-ում մեծ պարտքեր են կուտակվել, իսկ բանկային համակարգի վերականգնման համար ժամանակ է պետք:

Կան գործոններ, որոնք կարող են ապաինտեգրացնել ԵՄ-ը: Դրանք են եվրագոտու բարեփոխման անհրաժեշտությունը, մրցակցությունը Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, արևելաեվրոպական երկրների բունտարային տրամադրությունները, աջ և ռեգիոնալ անջատողականների շարժումները: Ֆրանսիայում և Նիդեռլանդներում աճում է եվրոսկեպտիկների թիվը: Հաջորդ խնդիրը՝ Եվրագոտու երկրների միջև դիսբալանսի հաղթահարումն է: Միգրացիոն պրոբլեմը ապակայունացնում է սոցիալական, տնտեսական և  քաղաքական կայունությունը, կան անհամաձայնություններ եվրոպական երկրների միջև փախստականների քվոտաները բաշխելու հարցերում: ԵՄ-ի զարգացման խոչընդոտող հանգամանք է լինելու նաև Կատալոնիայի շուրջ անորոշությունը և Բրէկզիտը (Brexit), եվրոսկեպտիկների ուժեղացումը:

Ռուսաստանը վերջապես դուրս եկավ ճգնաժամից, տնտեսական աճը կազմել է 1,8%: ՀՆԱ-ն աճ գրանցեց, բայց դեռ այն կայուն անվանել ճիշտ չէ: Ռուսական տնտեսության խնդիրներից են բնակչության եկամուտների նվազումը 1,4%-ով, թեև նոմինալ աշխատավարձը բարձրանում է, իսկ գնաճը ցածր է: Փոքր տնտեսական աճի հետևանքները բնակչությունը չի զգացել: Նվազագույն աշխատավարձը բարձրացվեց և ապահովագրական կենսաթոշակների ինդեքսացիա տեղի ունեցավ: Գնաճը կազմել է 2,5%, որը բացատրվում է եկամուտների կրճատմամբ, ցածր վճարունակությամբ, պետական ծախսերի նվազմամբ և ԿԲ-ի չափավոր կոշտ քաղաքականությամբ: Գործազրկությունը կազմում է 5,1%: Պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 17%:

Նավթի գները այլևս չեն անհանգստացնում ռուսաստանցիներին: Նավթի գնի կայունացման դրական արդյունքներից կլինի այն, որ բնակչության եկամուտները կաճեն: 2017 թ.-ին ռուսական արժույթը դոլարի նկատմամբ ուժեղացավ 9%-ով: 60-61 ռուբլու սահմաններում կմնա ռուբլու փոխարժեքը, իսկ դա կախված է նավթից, որի գինը 65-0 դոլարի սահմաններում կմնա: Զարգացման սցենարները նույնպես կախված են նավթի գներից: Նավթի եկամուտները այսուհետ կուղղվեն Ազգային բարեկեցիկության ֆոնդ, որն ուղղված կլինի բյուջեի դեֆիցիտի ծածկմանը: Տնտեսությունը կաճի նավթի գների կայունացման արդյունքում, դա դրական է նաև բյուջեի համար:

Սակայն սանկցիաները սահմանափակում են առևտուրը, նոր տեխնոլոգիաների ձեռք բերմանը, իսկ արտադրողականությունը մնում է ցածր: Ընթացիկ տարում ներքին սպառումը կավելանա և վարկավորման պայմանները կլավանան: ԿԲ-ի տոկոսադրույքները կնվազեն, որը նախատեսվում է տարվա ընթացքում 7,75% -ից հասնի մինչև 7%: Սակայն տարիֆները կաճեն, օրինակ՝ տրանսպորտի, մետրոյի համար, ինչպես նաև ակցիզներ՝ օրինակ բենզինի ակցիզը կրկնակի կաճի, կբարձրանա նաև սիգարետների ակցիզը: Ունեցվածքի հարկերը կաճեն: Առանց արմատական բարեփոխումների 2018 թ.-ին տնտեսական աճը չի գերազանցի 1-2%-ը: Բարդ կլինի 2018թ.-ը, քանի որ խնդիրը միայն տնտեսական սանկցիաները չեն, որն կշարունակվի և կխստանան:

Հնդկաստան: Վերջին տարիներին տնտեսական աճը տատանվում էր 6,5-7%-ի միջակայքում: Հնդկաստանի աճը 2018 թ.-ին կկազմի հավանաբար՝ 6,75%: Մոտակա տարիներին աշխարհի 5-րդ տնտեսությունը կդառնա, հետևում թողնելով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային:

Տնտեսության վիճակը դրական է, մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան աճում է: Գնաճը կազմել է 5,21%: Կառավարությունը ձգտում է, որ գնաճը հատկապես մթերքների շուկայում ցածր լինի: Բնակչության աճը, աղքատության բարձր մակարդակը, թույլ գյուղատնտեսությունը Հնդկաստանի տնտեսության հիմնական խնդիրներն են: Մեծ է դրսից տրանսֆերտների հոսքը, որը փակում է վճարային հաշվեկշռի պակասորդը: Սակայն մի շարք երկրների ոչ բարենպաստ տնտեսական վիճակը, ինչպես օրինակ՝ Պարսից ծոցի երկրներում, որտեղ հնդիկ աշխատավորները շատ են, կբերի այդ հոսքերի կրճատմանը: Թեև տնտեսական աճը բարձր է, սակայն գյուղատնտեսությունը և մշակող արդյունաբերությունը դանդաղ են աճում: Տնտեսությունը կախված է գյուղատնտեսությունից և մուսսոններից:

Ռիսկերից են նավթի գների աճը և կապիտալի արտահոսքը: Հնդկաստանը նվազեցնում է բյուրոկրատական արգելքները և ողջունում է օտարերկրյա ներդրումները: Բարենպաստ պայմաններ են ստեղծվում ներդրումների համար, թեև հրաժարվում են չինական ներդրումներից ենթակառուցվածքային նախագծերում: 2017թ.-ին ռեկորդային ներդրումներ են եղել պաշտպանական, շինարարական, կենսաթոշակային և այլ ոլորտներում: Պահանջարկի խթանման խնդիրներ է նաև իր առջև դրել Հնդկաստանի կառավարությունը, որը շեշտը դնում է բարեփոխումների վրա՝ զբաղվածության աճի, կրթության բարելավման և գյուղատնտեսության զարգացման վրա:

«Առևտրային համաձայնությունները փակուղի են մտնում: Աշխարհը մրցարշավի մեջ է մասսայական տեղեկատվության հոսքերի վերահսկողության համար: Իսկ տեխնոլոգիաների զարգացումը աշխարհի համար նոր հիմնախնդիրներ կստեղծի, պետք է համաձայնության գալ»- սրանք Հնդկաստանի վարչապետի Նարենդրա Մոդիի մտքերն էին այս տարվա Դավոսյան համաժողովի իր ելույթից:

Հնդկաստանի տնտեսական և աշխարհատնտեսական հավակնություններն էլ տնտեսության ընդլայնման հետ աճում են՝ Հնդկաստանը ցանկանում է երրորդ աշխարհատնտեսական կենտրոնը լինել՝ ԱՄՆ-ի և Չինաստանի կողքին: Ձգտում է ԱՄՆ-ից անկախ ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել, չի խուսափում Չինաստանին մարտահրավերներ նետել, ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեայի շրջափակմանը չի միանում:

Բրազիլիա: Ցածր է տնտեսական աճի տեմպերը, նախորդ տարի վերջապես դուրս եկավ 2 տարուց ավելի տևող ռեցեսիայից՝ գրանցելով փոքր տնտեսական աճ: Չնայած իրականացվող դրամավարկային մեղմ քաղաքականությանը, դժվար է վերականգնվում ծանր ռեցեսսիայից հետո: Սակայն աճը կայուն չէ և քաղաքական ճգնաժամը խորանում է: Գնաճը մնում է ցածր՝ 2,95%, որը գտնվում է Բրազիլիայի ԿԲ-ի կողմից նախատեսված նպատակային միջակայքում, գործազրկությունը դանդաղ նվազում է, սակայն դրա մակարդակը բարձր է՝ 2017 թ.-ին կազմելով 11,8% կամ մոտ 14 մլն. գործազուրկ: Սպառողական պահանջարկը նույնպես դանդաղ է աճում: Ներդրումների տեմպերը նույնպես նվազում են: Բանկային տոկոսադրույքը նվազել է և կազմում է 7%-ի: Կոռուպցիոն սկանդալները բերել են նրան, որ Կոնգրեսը կարող է աջակցություն չտալ նախագահի կողմից իրականացվող հասարակության մեջ հավանություն չվայելող բարեփոխումներին, թեև կառավարությունը պնդում է, որ դա օդի չափ անհրաժեշտ է:

Ամփոփում

Ինչպես տեսնում ենք, վերջին տարում համաշխարհային տնտեսության աճի տեմպը բարելավել է: Հզոր տնտեսություն ունեցող կենտրոններում, որոնք համաշխարհային տնտեսության շարժիչներն են, նույնպես վիճակը հուսադրող է, տնտեսությունները գրանցում են աճի տեմպերի բարելավում: Սակայն, տնտեսության համար ներկա պահին կարևոր խնդիրներ են հանդիսանում ներքին պահանջարկի, զբաղվածության, եկամուտների ցածր մակարդակները, պարտքային բեռի աճը, պրոտեկցիոնիզմի վտանգը, ներդրումների կրճատումը, քաղաքական անկայունությունը և այլ հարցեր տարբեր տարածաշրջաններում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2017 թ.-ին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,7%, արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 26,9%-ով, որտեղ արտահանումը կազմել է 2,24 մլրդ. ամերիկյան դոլար։ Փաստորեն, ունենք արտահանման մոտ 25,2% էական աճ, որը բացատրվում է սննդի և գյուղատնտեսական արտադրանքների արտահանման զգալի աճով և պղնձի գների աճով՝ 2016-17թթ.-ին պղնձի գները բարձրացել են՝ 4400 դոլարից հասնելով 7100 մեկ տոննայի դիմաց։

Հայաստանին նույնպես բնորոշ են այնպիսի խնդիրներ, որոնք բնորոշ են համաշխարհային տնտեսությանը և բազմաթիվ երկրներին: Դրանք են ներքին պահանջարկի ցածր մակարդակը, աղքատության և գործազրկության բարձր մակարդակները, դեմոգրաֆիական խնդիրները՝ ծերացումը և արտագաղթը, կապիտալի արտահոսքը, պարտքի աճը (պետական, մասնավոր բիզնեսի և տնային տնտեսություների), սոցիալական անհավասարությունը, տարածաշրջանների անհավասարաչափ զարգացումը, խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ձգձգումը և միջոցների վատնումը, տնտեսության ճյուղերի կենտրոնացումը, արտահանման կառուցվածքի կենտրոնացումը, կոռումպացվածութան բարձր մակարդակը և մենաշնորհների առկայությունը:

Սակայն, տնտեսագիտությունը, որպես գիտություն նույնպես զարգանում է և այս բացասական երևույթների դեմ նոր մոտեցումներ և ռազմավարություններ են մշակվում: Դրանցից մի քանիսի դեմ արդեն կարողանում են հաջողությամբ պայքարել, օրինակ գնաճը հիմա ավելի հեշտ է կարգավորվում, քան մի քանի տասնամյակ առաջ էր:
Պարզապես պետք է հետևել և սթափ գնահատել, թե տնտեսական գործընթացները ինչպես են ընթանում աշխարհում և տարածարջաններում, ինչպես նաև վերլուծել, թե տարբեր երկրներում տարբեր հիմնախնդիրներ ինչպես են լուծվում և համապատասխան փորձը խելամիտ կիրառենք մեր երկրում:

Մեր ճանապարհը դա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տնտեսության բոլոր ճյուղերը զարգացնելու մեջ է: Միաժամանակ պետք է հատկապես ուշադրություն դարձնել կրթական և առողջապահական համակարգերի վրա, ձևավորելով արդյունավետ և որակյալ մոդելներ, ինչպես դա փորձում են անել Չինաստանը և Հնդկաստանը:

Սարգիս ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում