Կարեն Կարապետյանը դերակատարում կունենա կառավարման համակարգում

Կարեն Կարապետյանը դերակատարում կունենա կառավարման համակարգում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ երկրի կառավարման համակարգում, սակայն առաջամարտիկը լինելու է իշխող քաղաքական ուժի առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդպես ընդունված է բոլոր ժողովրդավարական, պառլամենտական երկրներում: Որևէ պառլամենտական երկրում, որտեղ այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, ով տվյալ կուսակցության լիդերն է», – նշեց Շարմազանովը:

Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կարող է շարունակել իր գործունեությունն առաջին փոխվարչապետի պաշտոնում։

Դիտարկմանը, թե հենց Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք հնարավոր եղավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել, Շարմազանովը հակադարձեց. «Չնսեմացնելով Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուհանդերձ պետք է ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողությունները, արդար չէ։ Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց մեր թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում