Հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են Սարգսյանի և Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում. Լավրով

Հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են Սարգսյանի և Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում. Լավրով

Վերջին 10 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են երկու երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում: Այդ մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների մասին պատմող «Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմում:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական, գործընկերային են: Այս տերմիններն ամրագրված են երկկողմ պայմանագրերում, ՀԱՊԿ փաստաթղթերում և այս կապերը ներառում են մեր ժողովուրդների գործունեության առանց բացառության բոլոր ոլորտները: Վերջին 10 տարիներին հարաբերություններն, իհարկե, զարգացել են մեր երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում: Նրանք պարբերաբար, տարին մի քանի անգամ հանդիպում են ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանում, Ռուսաստանում, միջազգային համաժողովների ժամանակ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններն, անշուշտ, անցած 10 տարում կայուն ու որակական աճ են ստացել: «Անցած տարի Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2016-ի համեմատ ավելի քան 30 տոկոսով ավելացել է՝ հասնելով 1 մլրդ 750 մլն դոլարի, սա շատ մեծ գումար է: Ռուսաստանյան կամ հայ-ռուսական համատեղ հարյուրավոր ընկերություններ գործունեություն են ծավալում Հայաստանում և օգուտ են բերում տնտեսությանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում