Հայաստանի էներգետիկայի տասնամյակի թռիչքը շարունակվում է

Հայաստանի էներգետիկայի տասնամյակի թռիչքը շարունակվում է

Հայաստանի էներգետիկայի տասնամյա շարունակվող թռիչքը

Վերջին 10 տարում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 27 տոկոսով՝ 6 մլրդ կՎտ/ժ-ից հասնելով 8 մլրդ կՎտ/ժ-ի: Միևնույն ժամանակ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Վրաստան և Իրան ավելացել է 196 տոկոսով: Մասնավորապես, 2010-17թթ-ի ընթացքում Իրանի հետ կնքված գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի Հայաստանում արտադրվել և Իրան է արտահանվել 10 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը գործընթաց է, որն իրականացվում է տևական ժամանակահատվածում և փոխկապակցված սկզբունքով: Գործընթաց, որը նկատելի հաջողությամբ իրականացվել է վերջին տասնամյակում, և որն իր արդյունքը ցույց է տվել արտադրված և արտահանված էլեկտրաէներգիայի ծավալների աճի տեսքով:

2010թ-ին շահագործման է հանձնվել համակցված շոգեգազային ցիկլով գործող Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը, որի դրվածքային հզորությունը 240 ՄՎտ է, իսկ ՕԳԳ-ն՝ 49 տոկոս։ 2008թ-ին սկսվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման աշխատանքները, որի ընդհանուր թողունակությունն ավելի քան 1000 ՄՎտ է:

Տասը տարվա ընթացքում Հայաստանում կառուցվել է 114 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը 200 ՄՎտ է: Դրա արդյունքում 2018թ-ի սկզբին Հայաստանում գործում է 184 փոքր ՀԷԿ: Ամենաթարմ օրինակներից մեկը ՀՀ կառավարության, «Դեբետ Հիդրոյի» և ամերիկյան «Ռոբինս» ընկերության միջև կնքված Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման մասին շրջանակային համաձայնագիրն է:

Այս ընթացքում նոր շնչառություն է տրվել Հայաստանի էներգետիկ անվտանգության հսկային: Ատոմակայանում այլևս չեն սահմանափակվում ամենամյա պրոֆիլակտիկայով: 2016թ-ին սկսվել է գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աննախադեպ ծրագիրը: Արդյունքում 2019թ-ին ատոմակայանի արտադրական հզորությունը կավելանա 10 տոկոսով, իսկ շահագործման ժամկետը կերկարաձգվի առնվազն տասը տարով: Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքները ներկայացնելիս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հետագայում նաև իրականացվելու են նոր միջուկային բլոկների փուլային ներդրում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ 2017թ-ից ջերմոցային և վերամշակող կազմակերպությունների համար գազի խթանիչ սակագներ են սահմանվել, իսկ անապահով ընտանիքները սկսել են օգտվել գազի և էլեկտրաէներգիայի նվազեցված սակագներից: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիան 10 տարում աճել է մոտ 23 տոկոսով:

Շարունակվում են բաշխիչ ցանցերի արդիականացմանն ուղղված ծրագրերը։ Մասնավորապես՝ առաջիկա 10 տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շուրջ 1 մլրդ դոլար կուղղի երկրի բաշխիչ ցանցերի արդիականացմանը, ենթակայանների էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման «ԱՍՔՈւԷ» համակարգի ընդլայնմանը: Ծրագրի արդյունքում՝ 2028թ-ին Հայաստանը կունենա եվրոպական չափանիշներին համապատասխան ոչ ավելի, քան 6.4 տոկոս կորուստների մակարդակ:

Հանրապետության նախագահի՝ Ֆրանսիա այցի արդյունքներով 2017թ-ի հունիսի 5-ին ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է գերազանցության կենտրոնը, որտեղ ուսանողները կարող են, օրինակ, ռեակտորը զրոյական նիշից փորձել գործարկել, ինչն իրական ժամանակով մոտ երկու օր է տևում: Այստեղ տեղակայվելու է նաև ինովացիոն կենտրոնը, որի լաբորատորիայում տեղակայվելու են բարձրավոլտ սարքավորումների մոդուլային բջիջներ, «ԱՍՔՈւԷ» համակարգի ստենդներն ու Հայաստանում վերջինիս կառուցվածքային սխեման: Ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կրթաթոշակներ տրամադրել կենտրոնի ուսանողներին, յուրաքանչյուրին տարեկան 6 հազար դոլարին համարժեք դրամի չափով:

Մշտական ուշադրության կենտրոնում են նաև էներգետիկ բալանսին վերաբերող խնդիրները։ Այս առումով Հայաստանը որդեգրում է բոլորովին նոր՝ «սմարթ» մոտեցում, որը 2008-2018թթ-ին պետական էներգետիկ քաղաքականության առանցքն է, արդյունքը՝ դիվերսիֆիկացիայի էական աճ. վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը ներքին սպառման կառուցվածքում 20-ից հասել է 42.5 տոկոսի: 2017թ-ին շահագործման է հանձնվել արդյունաբերական մասշտաբի 4 արևային էլեկտրակայան: Հայաստանում միանգամից մի քանի ընկերություն սկսել են արևային վահանակներ արտադրել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ. «Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը»։

2017թ-ին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Գլոբա Էս ԷԼ» ընկերության միջև ստորագրվել է Հայաստանում 100-150 ՄՎտ հզորությամբ քամու էլեկտրակայաններ հիմնելու մասին հուշագիր: Արդեն իսկ տեղակայվել են քամու ներուժի մոնիթորինգային ենթակայաններ: Կառավարությունն աջակցում է նմանատիպ ծրագրեր իրականացնող «Էմիրաթյան» ընկերությանը: 2012թ-ից մեկնարկել է էներգախնայողության ծրագիրը: Արդյունավետությունը փորձարկված է 160 շենքի և արտաքին լուսավորության 9 համակարգի վրա:

10 տարվա ընթացքում իրականացված և իրականացվող մոտ 2 մլրդ դոլարի ներդրումներով լրջագույն ներարկումներ են իրականացվել էներգետիկ առաջնագծի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Հայաստանի էներգետիկ կշիռը տարածաշրջանում բարձրացրած այդ ներդրումների թվում են.

2009թ. – Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ավարտ՝ 135 մլն դոլար,

2008-10թթ – 110 ԿՎ 17 ենթակայանի վերանորոգում՝ 40 մլն դոլար,

2007-10թթ – SCADA կապի համակարգի առաջին փուլի ներդրում՝ 17.5 մլն դոլար,

2007-10թթ – Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցում՝ 260 մլն դոլար,

2012թ – Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտ և արդիականացում՝ 465 մլն դոլար,

2009-14թթ – «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում՝ 14.6 մլն եվրո,

2013-16թթ – Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցում՝ 2 մլն դոլար,

2013-17թթ – «Հրազդան-Շինուհայր» էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում՝ 28.4մլն դոլար,

2016-18թթ – «Նոյեմբերյան և Լալվար» էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում՝ 5.2 մլն դոլար,

2016-18թթ – «Հաղթանակ», «Աշնակ» և «Երևան» ՋԷԿ-ի, «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցում՝ 48 մլն դոլար,

2016-18թթ – «Ագարակ և Շինուհայր» ենթակայանների վերակառուցում՝ 15.9 մլն դոլար,

2017-19թթ – «SCADA» կապի համակարգի ընդլայնում և պահուստային կարգավորական կառավարման կենտրոնի կառուցում՝ 12 մլն դոլար:

2015-19թթ – Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում՝ 107.9 մլն եվրո,

2018-20թթ – Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի փոխակերպիչ կայանի ու ենթակայանների կառուցում՝ 180 մլն եվրո,

2015-19թթ – ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում՝ 300 մլն դոլար:

10 տարում 2 մլրդ 100 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրերի մի մասը դեռ ընթացքի մեջ է: Ընտրված է գործընկերների լայն շրջանակ՝ Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Իրանից մինչև Եվրամիություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում