Ցույց, խաչքարի տեղադրում. Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 17-ին

Ցույց, խաչքարի տեղադրում. Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 17-ին

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 17-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, ապրիլի 17-ին խորհրդարանին հարակից հրապարակում կանցկացվի ցույց` Նիդերլանդների կառավարության դեմ:

«Ինչպես գիտեք, Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երկու անգամ համապատասխան փաստաթուղթ է ընդունվել (2004թ. և 2018թ.- հեղ.), սակայն կառավարությունը շարունակում է այդ թեմայի մասին խոսելիս այլ ձևակերպումներ տալ` ասելով «Հայոց ցեղասպանության հարցը»: Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեցություն չթողեց կառավարության բառամթերքի վրա: Մեզ համար կարևոր է, որ կառավարությունն իր ելույթներում ճիշտ ձևակերպումներ տա, այլ ոչ թե ամեն անգամ ինչ-որ նոր բաներ հնարի: Նախատեսում ենք հանրագիր ներկայացնել կառավարությանը»,-ասաց Մաթո Հախվերդյանը: Մեր այն դիտարկմանը, որ խորհրդարանի կողմից վերջերս ընդունված փաստաթղթի համաձայն՝ կառավարության ներկայացուցիչը 5 տարին մեկ պետք է գա Հայաստան և հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, Մաթո Հախվերդյանը նշեց, որ այդ փաստաթղթի ընդունելուց հետո այս տարի առաջին անգամ պետք է կառավարության ներկայացուցիչը գա Հայաստան:

«Մինչ այժմ բազմաթիվ հարցադրումներ են հնչել մեր կողմից, սակայն դեռ անուն չի հնչեցվել: Վերջնական պատասխան դեռ չունենք: Հավանական է, որ մինչև ապրիլի 24-ը չկարողանան այդպես էլ որոշել»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 21-ին բացվելու է նոր խաչքար և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Այն տեղադրվելու է Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցու տարածքում` դեպի փողոց բացվող հատվածում: Ներկա են լինելու քաղաքական, հասարակական գործիչներ:

Ապրիլի 24-ին նախատեսված է ոգեկոչման արարողություն խաչքարի մոտ, լինելու են ելույթներ:

Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառում է տեղի ունենալու նաև Ասեն քաղաքի Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ, որտեղ ինչպես ամեն տարի, ելույթ կունենան քաղաքական և հասարակական ականավոր գործիչներ, կլինի գեղարվեստական ծրագիր: Նույն օրը երեկոյան, Ալմելո քաղաքի Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ կկատարվի հոգեհանգստյան արարողություն։ Ապրիլի 17-ի ցույցը և ապրիլի 24-ի Ասենում կայանալիք ոգեկոչման միջոցառումը կազմակերպել են «Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները», իսկ Ամստերդամի և Ալմելոյի միջոցառումները կազմակերպել են տեղական հայկական կառույցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում