Գագիկ Մինասյանն անպարկեշտ պահված է որակում Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիան

Գագիկ Մինասյանն անպարկեշտ պահված է որակում Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հիմարություն և անպարկեշտ պահվածք է որակում խորհրդարանի նիստերի դահլիճում «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ խորհրդարանն ունի իր գործելաոճը, և ցանկացած պատգամավոր, ով հարգում է իրեն, պետք է հարգի իր գործընկերներին: «Ձեզ թվում է, որ այն, ինչ նրանք արեցին, խորհրդարանին վայել պահվա՞ծք է: Իհարկե, դա անվայել պահվածք է: Խորհրդարանում խոսում են, ելույթներ են ունենում: Խորհրդարանում վառվող սարք օգտագործելը հիմարություն է»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը՝ Գագիկ Մինասյանն ընդգծեց, թե ամեն ինչ, որ արվում է օրենքի սահմաններում ցանկացած քաղաքական ուժի կողմից, ողջունելի է:

Ազգային ժողովում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր ծուխ արձակող հրավառվող նյութեր վառեցին, ինչից հետո լքեցին դահլիճը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում