Ալեքսանդր Իսկանդարյանը Նախիջևանի սահմանին սրացումներ չի կանխատեսում

Ալեքսանդր Իսկանդարյանը Նախիջևանի սահմանին սրացումներ չի կանխատեսում

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայ- ադրբեջանական շփման գծում և Նախիջևանում սահմանային սրացումների հավանականությունը շատ քիչ է համարում:

Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ասաց, որ գերտերությունները կաշխատեն ստատուս-քվոյի պահպանության համար, Արցախն էլ կփորձի ամրապնդել շփման գիծը: «Ադրբեջանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն այն կհամատեղի կրակոցներով, տարբեր տեսակի էսկալացիաներով: Այս տարի սահմանին իրավիճակը, նախորդ տարիների համեմատ, առավել հանգիստ է եղել»,-հավելեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում ընթացող ընտրություններին՝ քաղաքագետն ասաց, որ ընտրություն ասելը ճիշտ չէ, քանի որ այնտեղ քաղաքական ընդդիմություն չկա: «Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքում գրառում անողները բանտարկվում են, իսկ քաղաքական հռետորաբանությունը չեզոքացված է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ընտրությունները որևէ փոփոխությունների չեն բերի ԼՂ հարցում: «Այս խնդիրն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել: Այն կմնա մոտավորապես նույնը, ինչ հիմա է»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում